2018-ին Հայաստանում արձանագրված սպաննությունների թիվը ամենացածրն է 1980-ից ի վեր

Կառավարության 2018-ի գործունեության մասին զեկույցի համաձայն՝ նախորդ տարի ոստիկանության հանդեպ վստահությունը բարձրացել է։

«Դա փաստում է այն հանգամանքը, որ 2018թ. մայիսից սկսած աննախադեպ ավելացել է քաղաքացիների կողմից ոստիկանություն ներկայացվող հաղորդումների թիվը: Եթե 2017թ. ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է առերևույթ հանցագործության մասին 32,321 հաղորդում, ապա 2018 թ. դրանց թիվն աճել է 9,145-ով կամ 28,3%-ով՝ կազմելով 41,466: Ի դեպ, 807-ով կամ 27%-ով աճել են այն դեպքերը, երբ քաղաքացիները դիմել են ոստիկանություն՝ նախկինում իրենց կողմից չհայտնած դեպքերի վերաբերյալ (2,922-ից հասնելով 3,729)»,- նշված է զեկույցում:

Նշվում է նաև, որ «հանցավորության ընդհանուր աճի պարագայում 44 դեպքով նվազել է անչափահասների կատարած հանցագործությունների թիվը (403-ից հասնելով 359)»։

2018-ին Հայաստանում արձանագրվել է սպանության 35 դեպք, «որը նվազագույն ցուցանիշն է 1980 թվականից ի վեր»։

Նախորդ տարի ոստիկանության զորքերը ներգրավվել են նաև ՀՀ պետական սահմանների պաշտպանությանը՝ հերթափոխերով մեկնելով առաջնագիծ՝ մարտական ծառայության։

Փետրվարի  28-ի նիստին կառավարությունն ամփոփեց իր 2018-ի գործունեությունը և զեկույցն ուղարկեց Ազգային ժողով։

Գևորգ Թոսունյան