Մարտի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Հանդիպման ընթացքում, ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, Ալիևը գոհունակություն է հայտնել եվրահանձնակատարների հայտարարությունների առթիվ, որոնցում նրանք նշել են ղարաբաղյան հակամարտությունը միջազգային նորմերի համապատասխան կարգավորելու անհրաժեշտությունը, ստատուս քվոյի պահպանման ու բանակցությունների ձևաչափի փոփոխության անընդունելիությունը։
Հայտարարությունները, որոնց հղում է արել Ալիևը, երեկ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ հնչեցրել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ու Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։
Տուսկը մասնավորապես ասել է, որ իրենց համոզմամբ՝ «ստատուս քվոյի պահպանումը չի կարող երկար շարունակվել, և անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»։
Յոհանես Հանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե «մեր դիրքորոշումը չի փոխվել, որ հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է», ասել է․ «Նոր հանդիպումներն արդեն իսկ առաջընթաց են: Ինչ վերաբերում է մեր աջակցությանը, կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, նոր բան չստեղծենք: Բայց շատ կարևոր են փոխվստահության զարգացման միջոցները»:
Ստելլա Մեհրաբեկյան