Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը

Ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Պողոսյանը ձերբակալվել է «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից առերևույթ կատարված մի շարք չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով):

«Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բազմաթիվ չարաշահումներ են ի հայտ եկել, պարզվել ֆինանսական բնույթի առերևույթ չարաշահումներ կատարած անձանց ինքնությունը, ժամանակահատվածը և մեխանիզմը:

Քննությամբ պարզվել է, որ հիշյալ չարաշահումները կատարվել են 2014-2018թթ. ընկած ժամանակահատվածում:

Տվյալներ են ձեռք բերվել վերոնշյալ չարաշահումների դեպքերին ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի առնչության վերաբերյալ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Վ.Պողոսյանը, 2011թ. դեկտեմբերից մինչև 2016թ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման և տուբերկուլոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերևույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Վերջինս 2019թ. մարտի 7-ին ձերբակալվել է՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։

Վահան Պողոսյանը փոխնախարարի պաշտոնը զբաղեցրել է 2011-2016թթ.։ Նա աշխատանքից ազատվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել