«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները կմեղմվեն

Գործադիրը այսօր որոշեց մեղմել «Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում կանխավճարի վճարման հետ կապված դժվարությունները։

Մասնավորապես, կառավարության նիստին հաստատված նախագծով նախատեսվում է ծրագրի շահառուներին հնարավորություն ընձեռել առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բնակարանի արժեքի առնվազն 7,5%-ի չափով կանխավճար կատարելով՝ ձեռք բերել բնակարաններ, եթե վերջիններս ձեռք են բերում նաև հիփոթեքային պարտավորության ապահովագրության պրոդուկտ՝ 7,5 և ավելի տոկոս կանխավճարի և տվյալ բնակարանի ձեռքբերման համար սահմանված նվազագույն կանխավճարի (առաջնային շուկայից բնակարանների ձեռքբերման դեպքում՝ 20 %) տարբերության չափով:

Բացի այդ, նախագծով նախատեսվում է հանել ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը, մարման ժամկետը երկարաձգել մինչև 30 տարի, իսկ ձեռք բերվող բնակարանի արժեքը հասցնել 30 մլն դրամի։ Պետք է արձանագրել, որ այս նորմերը գործում են անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում։

Նախատեսվում է նաև համանման փոփոխություններ կատարել «Ազգային հիփոթեքային ընկերության» կողմից իրականացվող հիփոթեքային վարկավորման ծրագրերում։ Ցանկանում են նվազեցնել կանխավճարի մեծությունը, ավելացնել վարկավորման ժամկետները և նախատեսել էներգաարդյունավետ շենքի վկայական ունեցող շենքերում բնակարանների ձեռքբերման դեպքում ավելի ցածր տոկոսադրույքով վարկավորման հնարավորություն:

Գործադիրի տվյալներով՝ ծրագրի շրջանակում վարկավորմամբ են զբաղվում 19 ֆինանսական կազմակերպություններ` 14 բանկ և 5 վարկային կազմակերպություն:

2018-ի նոյեմբերի 14-ի դրությամբ տրվել է 3630 վարկ (1902 վարկ Երևանում, 1728՝ ՀՀ մարզերում), որոնց ընդհանուր պայմանագրային ծավալը կազմել է շուրջ 30 մլրդ 158 մլն ՀՀ դրամ (19 մլրդ 488 մլն ՀՀ դրամ Երևանում, 10 մլրդ 670 մլն՝ ՀՀ մարզերում):

Գևորգ Թոսունյան