Կովն ավելի արագ չի ծնի

Արտակ Քամալյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալն էԱրտակ Քամալյան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Ինչպիսի՞ն կլինի գյուղատնտեսությունը Հայաստանում տասը տարի հետո: Սա, թերևս, պետական ագրարային քաղաքականության կարևորագույն և միաժամանակ ամենաբարդ հարցադրումն է: Բարդ այն տեսանկյունից, որ հարցադրումը պահանջում է նշանակալի հմտությունների, կանխատեսման ունակությունների, փորձի և պետական մտածողության համակարգված մոտեցում: Սակայն առավել դժվարություն և միևնույն ժամանակ կառավարական ու կազմակերպչական մեծ ընդունակություններ և քաջություն է պահանջվում այդ քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Այժմ ցանկանում եմ ընդհանուր առմամբ ներկայացնել, թե ի՞նչ սկզբունքների և գործողությունների հիման վրա է այն կազմավորվելու: Ըստ իս, այժմյան ագրարային քաղաքականությունը պետք է հիմնված լինի․

Հստակ ռազմավարությամբ և ճշգրիտ կանխատեսված

Սա նշանակում է, որ պետությունը պետք է ուղղորդվի ոչ այնքան այսօրվա հարցադրումներով, որքան առավելագույնս հաշվի առնի համապատասխան շուկաների դրությունը ապագայում: Որպես օրինակ, վերցնենք այսօրվա համար արդիական թեմաներից մեկը` պանրի արտադրությունը` նախատեսված ռուսական շուկայի համար: Կաթի և կաթնամթերքի արտադրության ոլորտում այսօր ընդունված պետական աջակցության ծրագրերը պտուղներ կտան 3-4 տարի հետո միայն: Դատեք ինքներդ, որպեսզի հորթը սկսի կաթ տալ, անհրաժեշտ է սպասել քսանչորս ամիս: Այնուհետև, ստիպված ենք սպասել լակտացիոն մեկ շրջան` մինչ կաթնատվության մակարդակը կհասնի նշանակալի ցուցանիշների: Եվ այս ամենին գումարած ևս 6-12 ամիս, մինչև այդ կաթից ստացված պանիրը կհասունանա: Այսպիսով, պետական, առանց այն էլ սուղ միջոցները կաթի և կաթնամթերքի արտադրության ոլորտում ներդնելուց առաջ անհրաժեշտ է դրսևորել ճկուն միտք և վերլուծել ռուսական ու համաշխարհային պանրի շուկան և հասկանալ՝ արդյոք 3-4 տարի հետո տարբեր իրավիճակներում մենք կունենանք հստակ առավելություններ այդ շուկաներում:

Սոցիալապես կողմնորոշված

Մենք բոլորս հստակ պետք է գիտակցենք, որ մեր երկրի բնակչության զգալի հատվածը զբաղվում է գյուղատնտեսությամբ, և որ բազմաթիվ մարդկանց համար գյուղատնտեսությունը գոյատևելու միակ աղբյուրն է: Այս առումով, ընդունված որոշումների տնտեսական արդյունավետության հարցերը քաղաքացիների առանձին խմբերի համար փոխարինվում են սոցիալական անհրաժեշտությամբ: Պետական քաղաքականության խնդիրն է որոշումների այնպիսի տարբերակներ ընտրել, որոնք տնտեսական արդյունավետության հավասար պայմաններում (այն դեպքերի շարքում, օրինակ սահմանամերձ գյուղերի, նույնիսկ փոքր արդյունավետությամբ) ունեն ավելի մեծ սոցիալական նշանակություն: Օրինակ, նույն կաթի և կաթնամթերքի արտադրության խթանումը բացի տնտեսական արդյունքից ունի նաև կարևոր սոցիալական նշանակություն, քանի որ ապահովում է մշտական եկամուտ և բարձրացնում է զբաղվածությունը գյուղում։ Միևնույն ժամանակ որոշակի չափով հարթեցնում է գյուղատնտեսական արտադրանքի սեզոնայնությունը:

Համակարգային

Ըստ իս, անցյալի ագրարային քաղաքականության մեծագույն բացթողումներից մեկը համակարգվածության բացակայությունն է: Օրինակ, մենք ունեցել ենք և այժմ էլ ունենք ինտեսիվ այգիների, կաթիլային ոռոգման և հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրեր: Պետական աջակցության երեք ծրագիր: Եթե փոքր-ինչ մտածենք, ակնհայտ կդառնա, որ մեզ պետք չեն ցանցեր և խողովակներ և մեծ հաշվով՝ նաև այգիները։ Որպես այդպիսին, պետք չեն: Մեզ անհրաժեշտ են եկամուտներ` ստացված մրգերի իրացումից: Թերևս պետք էր և ավելի օգտակար կլիներ մշակել պետական աջակցության մեծ ծրագիր՝ ուղղված այգեգործության ինտենսիվացմանն ու արտահանվող մրգերի ծավալների ընդլայնմանը, որն իր մեջ կներառեր որոշ այգիների դեպքում կաթիլային ոռոգում, որոշների դեպքում (առավել թանկ և արժեքավոր տեսակներ)՝ հակակարկտային ցանցերի կիրառում, սառեցման և լոգիստիկ կենտրոններ, համապատասխան մասնագետների վերապատրաստումներ, տնկարանների ստեղծում և այլն:

Հետևողական

Առանձնապես կարևոր է, որ պետական քաղաքականությունը կազմված լինի տրամաբանորեն փոխկապակցված քայլերից, որոնց հաջորդական իրականացումը կհանգեցնի սիներգիկ արդյունքի և ծրագրված նպատակների իրագործմանը: Օրինակ, եթե մենք որոշել ենք բարձրացնել կովերի կաթնատվությունը անասունի ցեղատեսակի բարելավման հաշվին, ապա մինչ Եվրոպայից հատկապես թանկ ցեղատեսակի անասուն գնելն ու Հայաստան ներկրելը, նախ և առաջ պետք է հոգանք համապատասխան ֆերմաների, նմանատիպ կովեր խնամելու համապատասխան հմտություններ ունեցող ֆերմերների, անասնաբույժների և զոոտեխնիկների առկայության մասին: Հակառակ դեպքում, կստացվի այնպես, ինչպես միշտ է ստացվել մեզ մոտ անցյալում. սկզբում բերում են կովերին, ապա սկսում սովորել` ինչպես խնամել նրանց:

Ռեսուրսներ խնայող և զգուշավոր

Մեր երկրում գյուղատնտեսությունն առանձնահատուկ է իր ծայրաստիճան սահմանափակ ռեսուրսներով. հողը քիչ է, ջուրը չի հերիքում, մարդկային ռեսուրսի մեծ մասը հեռացել է գյուղից (կամ առհասարակ երկրից) և որակավորված չէ։ Կապիտա՞լ․ այն երբեք էլ չի բավականացրել: Այդ իսկ պատճառով ներկայիս ագրարային քաղաքականությունը իր ամենաառաջնահերթ խնդիրը պետք է համարի առկա ռեսուրսների առավելագույնս արդյունավետ օգտագործումը: 21-րդ դարում, երբ 450 հազար հա վարելահողից դեռ անմշակ է 200 հազար հա, սա առնվազն «հողային դավաճանություն է»: Թերևս, երկրում չի լինի մեկը, ով տեղյակ չլինի վերոնշյալ խնդրից` սկսած վարսահարդարից մինչև գյուղատնտեսության նախարարի տեղակալ (էթիկայի սկզբունքներից ելնելով՝ ավելի վեր չեմ բարձրանում):

Այդ մասին խոսում ենք բոլորս։ Սակայն անո՞ւմ ենք այդ ուղղությամբ որևէ բան։ Թերևս՝ ոչ: Կարծում եմ մեխանիզմներ մշակելու ժամանակը վերջապես եկել է, ավելի ճիշտ ոչ թե մշակելու, այլ կիրառելու, քանի որ վերջիններս շատ վաղուց մշակվել և իրականցվել են մի շարք երկրների կողմից մեզնից շատ տարիներ առաջ. գյուղատնտեսական հողերի սեփականության իրավունքի անցումը ոչ արդյունավետ սեփականատերերից ավելի արդյունավետ օգտագործողներին` առք ու վաճառքի կամ երկարաժամկետ վարձակալության մեխանիզմների միջոցով:

Նորարարական և լուսավոր

Մեր գյուղատնտեսական ՀՆԱ-ի մեծ մասն արտադրվում է 20-րդ դարի 70-80-ական թվականների սարքավորումներով, տեխնոլոգիաներով և մեթոդներով: Տեխնոլոգիաները հին են, տրակտորներն ու կոմբայնները հին և ծախսատար, մշակաբույսերի սերմերն ու կենդանիների ցեղատեսակները նույնպես լավագույնը չեն: Այս ամենի հետ մեկտեղ կրթության և գիտելիքի մակարդակն էլ է (հազվագյուտ բացառությամբ) նույն դարաշրջանից: Մեր քաղաքականությունը պետք է լինի նորարարական ուղղվածության` միտված գործնական ագրարային կրթության մակարդակի բարձրացմանը, առողջ և ճիշտ սնվելուն, լուսավորչական գործունեության ծավալմանը` մասնավորապես դպրոցականների շրջանում գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը:

Պարենային անվտանգություն ապահովող

Կարծում եմ` ագրարային քաղաքանության այս կանխադրույթը ոչ ոքի մոտ կասկածի տեղիք չի տալիս: Ակնհայտ է, որ մի երկրում, որտեղ, օրինակ, թռչնամսի 70 տոկոսը ներկրվում է, և որտեղ պետությունը այդ իրավիճակը շտկելու համար գրեթե ոչինչ չի արել, հարկ չկա խոսել պարենային անվտանգության ոլորտում կշռադատված քաղաքականության մասին: Այստեղ նույնպես տնտեսական արդյունավետությունը մղվում է երկրորդ պլան, և որոշումների ընդունման ժամանակ առաջնահերթությունը ուղղվում է պարենային անվտանգության կողմը:

Հասցեագրված

Պետական բոլոր ծրագրերը պետք է լինեն հասցեագրված: Մենք հստակ պետք է իմանանք, թե ում աջակցությանն են ուղղված պետության առանց այն էլ սուղ միջոցները: Այսօր մեր երկրում գոյություն ունեցող ծրագրերի մեծ մասն ուղղված են գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը: Ձևի տեսանկյունից հրաշալի նախաձեռնություն է, սակայն բովանդակության և բուն էության տեսանկյունից, եթե այդ վարկերը ստանում են այն ֆերմերները, որոնք, օրինակ, մեկ կովից ստանում են 2000 լ կաթ, սուբսիդավորված վարկը նույնիսկ զրոյական տոկոսադրույքով նրանց ոչ մի կերպ չի օգնի: Ֆերմերը, որն օբյեկտիվ պայմաններում չի կարողանում արդյունավետ աշխատել (անբարենպաստ եղանակային պայմաններ, սահմանափակ հողային ռեսուրսներ, համապատասխան տեխնիկայի բացակայություն և այլն) արդյունքում իրեն երաշխավորող հարազատների հետ միասին հայտնվում է «ծանր վարկային բեռի» տակ։

Որքան շատ գումար ենք առաջարկում նրան, այնքան շատ է ստիպված լինում նա վճարել բանկերին։ Արդյունքում, սուբսիդիաները դուրս են գալիս պետության «գրպանից» և գնում բանկեր, որոնք շահում են ցանկացած իրավիճակում։ Իսկ պարտվողը տվյալ իրավիճակում պետությունն է և սնանկացած գյուղացին։ Որպես ցուցանիշ, ուշադրությոուն դարձրեք մեր գյուղական բնակչության վարկավորվածության մակարդակին․ շատ բարձր ցուցանիշներ են։

Ուշադրություն դարձրեք նաև վարկերի վերադարձելիությանը` մոտ 100 տոկոս: Այս ցուցանիշների պարագայում մենք պետք է ունենայինք գերարդյունավետ և զարգացած գյուղատնտեսություն: Սակայն, ցավոք…

Համահունչ

Ագրարային քաղաքականությունը չի կարող լինել արդյունավետ, եթե այն գոյություն ունենա առաձին և, հետևաբար, չձուլվի երկրի ընդհանուր տնտեսական քաղաքականությանը: Օրինակ, անհնար է զարգացնել գյուղատնտեսությունը, առանց զարգացնելու գյուղը: Ավելին, եվրոպական զարգացած մի շարք երկրների փորձը փաստում է, որ չկա հստակ կորելյացիա գյուղատնտեսության բյուջետային օժանդակության չափի և գյուղատնտեսության զարգացման միջև, բայց կա շատ սերտ կորելյացիա գյուղի զարգացման բյուջետային օժանդակության և գյուղատնտեսության զարգացման միջև: Այդ իսկ պատճառով, աշխարհի մի շարք երկրներում գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական մարմինը հենց այդպես էլ կոչվում է` Գյուղի զարգացման և գյուղատնտեսության նախարարություն (Rural Development and Agriculture):

Վերջին տասնամյակներում, կապված գյուղատնտեսության մեջ ինտեսիվ տեխնոլոգիաների կիրառման կտրուկ բարձրացման հետ, տնտեսվարող սուբյեկտները սկսել են բացասական էական ազդեցություն թողնել շրջակա միջավայրի վրա: Այս առումով, մի շարք զարգացած երկրներում ֆերմերին հատկացվող պետական ծրագրերի հիմնական զանգվածն ուղղված է վերջիններիս գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա թողած բացասական ազդեցության նվազեցմանը: Այս իմաստով, մեծ հռչակ է վայելում ֆերմերային գործունեության և ագրոտուրիզմի համատեղումը: Մի շարք երկրներում, պետությունը միավորում է գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարությունները, ուստի ֆերմերների վրա դրվում է ոչ միայն հումքի և սննդամթերքի արտադրության գործառույթը, այլև այդ ամենի կատարման արդյունքում շրջակա միջավայրը չաղտոտելու պարտականությունը:

Երկարաժամկետ

Երեկ ես ծանոթացա բավական հետաքրքիր մի անձնավորության հետ: Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ իմ թեժ և զգացմունքային խոսքից հետո նա ինձ ասաց. «Արտակ ջան, դու իսկապես չգիտես, թե առաջ ինչպես էր: Իսկապես շատ բան է փոխվել, մի՛ շտապիր»: Եվ այսպես, արդեն երկու օր է գլխումս այդ միտքն է պտտվում, և ես մտածում եմ՝ եթե ես, որ ինչ-որ չափով այս իշխանության մի մասն եմ և քաջ գիտակցում եմ, որ եթե նույնիսկ աշխարհն էլ շուռ գա, կովն ավելի արագ չի ծնի, և պանիրն էլ ավելի արագ չի հասունանա, շտապում եմ` ցանկանալով տեսնել շոշափելի փոփոխություններ, ապա ի՞նչ ասել մյուսների մասին: Եվ ահա, և՛ ինքս ինձ, և՛ ինձ նման մյուս անհամբերներին ցանկանում եմ ասել, որ ամեն ինչ այդքան արագ և այդքան էլ հեշտ չէ, սակայն ամեն ինչ հնարավոր է և միանգամայն իրական:

Եթե նույնիսկ աշխարհն էլ շուռ գա, կովն ավելի արագ չի ծնի, և պանիրն էլ ավելի արագ չի հասունանա

Ես հավատում եմ և, ըստ արժանվույն, կարող եմ բազմաթիվ օրինակներով ապացուցել, որ ճիշտ կառավարման դեպքում գյուղատնտեսությունն ու ագրոբիզնեսը կդառնան մեր երկրի ընդգրկուն տնտեսության զարգացման շարժիչը՝ այդպիսով, նվազեցնելով աղքատության և չքավորության մակարդակը: Վերջերս մի շատ խելացի և կիրթ անձնավորություն ինձ ասաց. «Իհարկե, թեև այսօր չկա մի որևէ զարգացած երկիր, որի տնտեսական համակարգում գյուղատնտեսությունը զբաղեցնի առաջին տեղը, բայց, չկա նաև մի այնպիսի զարգացած երկիր, որը չունենա զարգացած գյուղատնտեսություն»:

Կարդացե՛ք նաև՝

Չորս քայլ հարկային բարեփոխման ճանապարհին

Հինգ քայլ՝ ինչպես սկսել տնտեսական հեղափոխությունը

Մեկնաբանել