Մահացել է Պոլսի պատրիարք Մեսրոպ արք․ Մութաֆյանը

Մարտի 8-ին մահացել է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, հաղորդում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը:

Մեսրոպ Պատրիարքը վերջին տարիներին տառապում էր ծանր հիվանդությամբ և գտնվում էր Պոլսի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցում:

Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի կենսագրությունը

Ծնվել է Ստամբուլում, 1956թ. հունիսի 16-ին:

1963-1968 թթ. ուսանել է Թաքսիմի Էսայան նախակրթարանում։

1968-1973 թթ. սովորել է Նշանթաշի Անգլիական վարժարանում։

1973-1975 թթ. կրթությունը շարունակել է Ամերիկյան Բարձրագույն վարժարանում (Շտուտգարտ, Գերմանիա)։

1975-1979 թթ. Մեմֆիսի Համալսարանում (ԱՄՆ) ուսանել է «Ընկերաբանություն և իմաստասիրություն», 1977-1979 թթ. Մեմֆիսի մասնաճյուղ Սեուընի Անգլիկան ուսումնարանում հետևել է «Աստվածաբանություն» դասընթացի։

1977թ. հուլիսի 19-ին արժանացել է սարկավագական ձեռնադրության՝ ձեռամբ Գերաշնորհ Տ. Շահան Եպս. Սվաճյանի։

1979 թ. մայիսի 13-ին ձեռամբ Ն.Ա.Տ. Շնորհք Պատրիարքի ձեռնադրվել է կուսակրոն քահանա Բեյողլուի Ս. Երրորդություն եկեղեցում:

1979-1982 թթ. ուսանել է Երուսաղեմի Եբրայական համալսարանում (Իսրայել)` ստանալով Հին Կտակարանի պատմության և գրականության մագիստրոսի աստիճան, ապա Երուսաղեմի համալսարան քոլեջում` ստանալով Սուրբգրային հնագիտության մագիստրոսի աստիճան։

1979-1980 թթ. Երուսաղեմի ընծայարանում դասավանդել է անգլերեն լեզու և Հին Կտակարան:

1982-1983 թթ. ծառայել է որպես Ն.Ա.Տ. Շնորհք Պատրիարքի քարտուղար։

1983 թ. մայիս 7-ին պաշտպանել է «Սուրբ Գիրք և Ավանդություն» թեմայով ավարտաճառը և արժանացել մասնավոր վարդապետության աստիճանի։

1983 թ. հունիս 6-ից եղել է Պատրիարքարանի դիվանապետ, Կրոնական ժողովի և Խորհրդակցական մարմնի անդամ։

1983-1984 թթ. զինվորական ծառայություն է իրականացրել Պուրտուր Ե. Գնդապետական հրամանատարությունում։

1986 թ. մայիսի 3-ին պաշտպանել է «Նահապետաց կրոնը նախքան եգիպտական գերությունը» թեմայով ավարտաճառը` ստանալով ծայրագույն վարդապետության աստիճան։

1986 թ. սեպտեմբերի 21-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ստացել է եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում:

1988-1989 թթ. ուսանել է Հռոմի Ս. Թովմաս Ակվինացու համալսարանում` ստանալով Միջեկեղեցական ու միջկրոնական հարաբերությունների աստվածաբանության մագիստրոսի աստիճան:

1988 թ. հուլիսի 1-ին Շնորհք Պատրիարքի կողմից նշանակվել է Կղզյաց տեսուչ։

1990 թ. մարտ – 1990 թ.սեպտ. եղել է Կրոնական ժողովի ատենապետ։

1990թ. նոյեմբերի 6-ին Ն.Ա.Տ. Գարեգին Բ. Պատրիարքի կողմից նշանակվել է միջեկեղեցական գործերով պատրիարքական փոխանորդ։

1991-1997թթ. նշանակվել է Քահանայական լսարանի տեսուչ։

1991-1997թթ. նշանակվել է Ն.Ա.Տ. Գարեգին Բ. Պատրիարքի խորհրդակցական մարմնի փոխատենապետ։

1992 թ. դեկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից շնորհվել է արքության տիտղոս։

1996 թ․ հունիսին նշանակվել է Պատրիարքական Աթոռի «Շողակաթ» բանասիրական հանդեսի խմբագրապետ։

1997թ. հոկտեմբերի 27-ին Ն.Ա.Տ. Գարեգին Բ. Պատրիարքի կողմից նշանակվել է Պատրիարքական ընդհանուր փոխանորդ, Ն.Ա.Տ. Գարեգին Բ. Պատրիարքի վախճանումից հետո` Պատրիարքական ընդհանուր փոխանորդ, ապա Պատրիարքական տեղապահ:

1998 թ. հոկտեմբերի 14-ին Պատգամավորական Ժողովի կողմից ընտրվել է Կոստանդնուպոլսի Հայոց 84-րդ Պատրիարք:

Արժանացել է մի շարք պատվո տիտղոսների ու մրցանակների, անդամակցել տարբեր միությունների:

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել