ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն Արցախում է

Մարտի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին։ «Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր»,- նշված է Արցախի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Կասպշիկին ընդունել է նաև Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, հաղորդում է Արցախի ԱԳՆ-ն։

Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին առնչվող մի շարք հարցեր։

Մասիս Մայիլյանը կրկին ընդգծել է անվտանգության ոլորտում կանխատեսելիության և թափանցիկության մակարդակի բարձրացման, ինչպես նաև հնարավոր միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշել է, որ կարևոր է շարունակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների՝ կյանքի կոչմանն ուղղված ջանքերը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի՝ տարածաշրջան այցին վերաբերող հարցերին։

Աղբյուրը՝ Արցախի ԱԳՆ

Մեկնաբանել