ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն Արցախում է

Մարտի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին։ «Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր»,- նշված է Արցախի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

Կասպշիկին ընդունել է նաև Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, հաղորդում է Արցախի ԱԳՆ-ն։

Կողմերը քննարկել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումներին առնչվող մի շարք հարցեր։

Մասիս Մայիլյանը կրկին ընդգծել է անվտանգության ոլորտում կանխատեսելիության և թափանցիկության մակարդակի բարձրացման, ինչպես նաև հնարավոր միջադեպերի կանխման նպատակով հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշել է, որ կարևոր է շարունակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների՝ կյանքի կոչմանն ուղղված ջանքերը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի՝ տարածաշրջան այցին վերաբերող հարցերին։

Աղբյուրը՝ Արցախի ԱԳՆ