Euronews-ը հարցազրույց է հրապարակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հարցազրույցը տեղի է ունեցել շաբաթասկզբին Փաշինյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ։ Զրույցի սկզբում հաղորդավար Անդրեյ Բեկետովը նշում է, որ դեկտեմբերին վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետո Փաշինյանի ժողովրդականությունը շարունակել է բարձրանալ։ Անգլերենով տեղի ունեցած զրույցը թարգմանաբար ներկայացված է ստորև։
Պարոն Փաշինյան, վարչապետի պաշտոնում վերընտրվելուց հետո ինչպե՞ս է ձեր արտաքին քաղաքականությունը փոխվում։ Երևանը Մոսկվայի ու Բրյուսելի միջև դեռ հավասարակշռող քաղաքականությո՞ւն է վարում։
Չեմ կարծում, որ դա ճիշտ ձևակերպում է՝ հավասարակշռումն ունենալ որպես նպատակ։ Մեր արտաքին քաղաքականության ամենակարևոր նպատակը մեր անկախությունն ավելի ու ավելի զորացնելն է, մեր ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելը։
Եվրամիությունը հարևանության քաղաքականության շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրում։ Հայաստանն ի՞նչ է առաջարկում Եվրամիությանը։
Եվրամիության հետ մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Մեր կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնելու այս համաձայնագիրը։ Դա նշանակում է ունենալ իրապես անկախ դատարաններ, կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիան կանխարգելելու ինստիտուցիոնալ մեխանիզմներ։
Գազի խնդրի վերաբերյալ․ Ռուսաստանի հետ դուք գին եք բանակցում։ Ուկրաինայի փորձից դաս քաղե՞լ եք, որը տուժել է [Ռուսաստանի կողմից] գազի մատակարարումների դադարեցման պատճառով։
Չեմ կարծում, որ մենք Ուկրաինայից ինչ-որ բան ունենք սովորելու։ Մենք էներգետիկայի ոլորտում ցանկացած հնարավորություն քննարկում ենք և՛ Իրանի, և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի հետ։ Մենք այն կքննարկենք նաև Եվրամիության հետ։
Տնտեսական բարեփոխումներն արդյոք ձեր ամենակարևոր առաջնահերթությո՞ւնն են։
Հայաստանում կառավարման համակարգը, փոփոխությունների իրականացումը ավտորիտար չէ։ Ժողովրդավարական համակարգի համար շատ կարևոր է որևէ գործընթացի մեջ՝ տնտեսական, քաղաքական, ավելի ու ավելի շատ մարդկանց ներգրավումը։
Սկզբում ես նշեցի ձեր ժողովրդականության մասին։ Հնարավո՞ր է արդյոք, որ հայաստանցիների նոր սերունդը տեսնի միայն մեկ առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանին, երբ դուք շարունակաբար վերընտրվեք։
Եթե ես ընտրվեմ ազատ և ժողովրդավարական ընտրություններով, դա նորմալ է։ Եթե Հայաստանում ավտորիտար իշխանության և բռնատիրության հաստատման որևէ սպառնալիք է, ապա դրա համար որևէ հնարավորություն չկա։ Ժողովրդավարությունը բխում է մեր ժողովրդից և մեր ազգային արժեհամակարգից։
Մարիա Եղիազարյան