Երևան՝ Բաքվի հայտարարություններից հետո․ Վրաստանի նախագահի այցին ընդառաջ

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանն անդրադառնում է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Հայաստան առաջիկա այցին, որը տեղի է ունենում Բաքու այցելելուց և այնտեղ Ադրբեջանի ու Վրաստանի վերապրած «օկուպացիայի» մասին արած հայտարարություններից հետո։

«Մարտի 13-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է մեկնելու Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին տարածաշրջանային այցը տեղի է ունեցել Բաքու: Փետրվարի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է հետևյալը. «Մենք միասին ենք վերադարձրել անկախությունը և վերջին տարիներին վերապրել միանման ողբերգություններ: Այսօր էլ զգում ենք, թե ինչ է նշանակում օկուպացիա, երբ քո երկրի տարածքային ամբողջականությունը խախտված է։ Օկուպացիոն գծերն այսօր էլ մեզ համար բաց վերք են, որը խոչընդոտում է մեր զարգացմանը, բայց չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք հզորացնել և զարգացնել մեր տնտեսությունները և շարունակել մեր ուղին որպես անկախ պետություն»։

Հարկ է նշել, որ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի առաջին բարձրաստիճան քաղաքական գործիչն է, որն անում է նման անհավասարակշռված արտահայտություն: Չնայած նրան, որ Վրաստանի նախագահը սահմանադրության համաձայն չունի լուրջ լիազորություններ՝ Սալոմե Զուրաբիշվիլիից առաջ Վրաստանի բոլոր նախագահները, խոսելով Կովկասում չլուծված հակամարտությունների մասին, ընդհանուր ձևակերպումներով են անդրադարձել տարածքային ամբողջականությանը՝ ձեռնպահ մնալով «օկուպացիա» բառից: Զուրաբիշվիլիի նախորդները լավ գիտակցել են, որ տվյալ ձևակերպումը վտանգավոր է հայ-վրացական հարաբերությունների համար, ինչպես նաև տարածաշրջանի կայունության համար: Վրաստանի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները «օկուպացիա» ձևակերպումը օգտագործել են բռնագրավված Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ, ինչը ընդունված է նաև միջազգային հանրության կողմից:

Սակայն ԼՂՀ-ի հարցում միջազգային հանրությունը չունի մնան մոտեցում և ոչ մի քաղաքակիրթ ու ժողովրդավարական երկիր չի օգտագործում «օկուպացիա» ձևակերպումը Արցախի նկատմամբ՝ լավ գիտակցելով, որ Արցախը ոչ թե բռնագրավված տարածք է, այլ պատմական արդարությունը վերականգնած շրջան:

Հարկ է նաև նշել, որ Սալոմե Զուրաբիշվիլին որպես Վրաստանի նախագահ պետք է հասկանա ԼՂՀ-ի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունների տարբերությունը:

[…]

Հավանաբար Զուրաբիշվիլին Բաքվում տվյալ հայտարարությունը արել է մեղմելու համար Միքայել Ավագյանի կիսանդրու տեղադրման շուրջ առաջացած ադրբեջանական դժգոհությունը և չի մտածել, որ նման հայտարարությամբ հեռացել է միջազգային հանրության դիրքորոշումից և հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ոգուց ու միաժամանակ նմանվել Պակիստանին ու Թուրքիային:

Նախագահական ընտրությունների ժամանակ Վրաստանի հայ համայնքի աջակցությունը ստացած Սալոմե Զուրաբիշվիլին ճիշտ կանի՝ Հայաստան այցից առաջ վրացական աղբյուրներից ուսումնասիրի Վրաստանի և Հայաստանի համատեղ պատմությունը, որի ընթացքում միգուցե հասկանա, որ դեռ հազարամյակներ առաջ, երբ չկար Ադրբեջան պետություն հասկացությունը, Արցախը ոչ միայն հայկական էր, այլև ակտիվ առևտրական և մշակութային կապեր ուներ Վրաստանի հետ և այդ գիտակցումով Երևանում ուղղի իր սխալը և անի այնպիսի հայտարարություններ, որոնք հարիր կլինեն հայ-վրացական հարաբերությունների իրական ոգուն:

Էդուարդ Այվազյան

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն

Մեկնաբանել