Եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը՝ յուրահատուկ լակմուսի թուղթ․ Արցախի ԱԳՆ

Բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի պատրաստակամության աստիճանը․ այսպիսի մեկնաբանություն է արել Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում։

«Ո՛չ Արցախի Հանրապետության, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակցությունների նոր, չհամաձայնեցված ձևաչափի ստեղծման հարց չեն դնում: Խոսքը վերաբերում է 1994թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված լիարժեք բանակցային ձևաչափի վերականգնմանը: Այս որոշումը կայացվել է ԵԱՀԿ մասնակից պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից կոնսենսուսի հիման վրա:

Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի պատրաստակամության աստիճանը: Բանակցային ամենաարդյունավետ ձևաչափի վերականգնմանը հակազդելը հնարավոր է մեկնաբանել որպես հակվածություն՝ պահպանել ստատուս քվոն:

Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցադրում եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը»,- նշել է Արտակ Ներսիսյանը:

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Թեմայի շուրջ ավելին՝

Արցախը՝ բանակցային ձևաչափում. ինչպե՞ս է դա եղել

Մեկնաբանել