Բի-Դի-Օ հարկային, հաշվապահական, աուդիտորական և խորհրդատվական ընկերության հարկերի գծով գործընկեր Ահարոն Չիլինգարյանը և հաշվապահ/հարկային խորհրդատու Գրիգոր Նազարյանը ներկայացնում են Հայաստանի հարկային օրենսդրության ներկայիս առանձնահատկությունները հանրային սննդի ոլորտում։
1. Ներկայիս իրավիճակը
Մինչև 01.07.2018թ.-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունները հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողները արտոնագրային հարկ էին վճարում խոհարարական արտադրանքի սպառման և դրա հետ անմիջականորեն կապված ծառայությունների համար, իսկ առաքման, ապրանքների մատակարարման և աշխատանքների կատարման մասով կիրառվում էր հարկման ընդհանուր համակարգ կամ այլ հատուկ համակարգ: Ընդ որում, եթե սպասարկման սրահի մակերեսը գերազանցում էր շեմը (600մ2), ապա դադարում էին մինչև տարվա վերջ համարվել արտոնագրային հարկ վճարող:
Նշենք, որ համաձայն 21.12.2017թ.-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և դրանում հետագայում կատարված մեկ այլ օրենսդրական փոփոխության (տես ՀՀ օրենք ՀՕ-338, ընդունված 21.06.2018թ.)հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողները սկսած 01.07.2018թ.-ից սահմանված կարգով կարող էին համարվել շրջանառության հարկ վճարող սահմանված ժամկետներում հարկային մարմին շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում: Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողները տվյալ հարկային տարվա ընթացքում համարվում են շրջանառության հարկ վճարող անկախ ՀՕ-ով շրջանառության հարկի գծով սահմանված սահմանափակումներից: Բացառություն կլինի այն դեպքը, երբ սահմանված կարգով այդ հարկ վճարողները հարկային մարմին են ներկայացրել ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն:
Շատ կարևոր է իմանալ, որ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում` առաքմամբ) և (կամ) սպառման կազմակերպումը: Այդ գործունեությունը ներառում է նաև դրա հետ անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, մասնավորապես՝ սպասարկումը, մուտքի թույլտվությունը:
2. Վերը նշված օրենսդրական փոփոխություններով Օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասում սահմանվել են նոր դրույքաչափեր հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով.
3. Ավելացնենք նաև, որ ՀՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվել է հետևյալ բովանդակությամբ լրացում. (հեղինակի կողմից ներկայացված է աղյուսակի տեսքով)
Եթե համեմատենք առևտրական գործունեության հետ, ապա կնկատենք, որ բացի Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերից (հարկային հաշիվ, ճշգրտող հարկային հաշիվ, հաշիվ վավերագիր, ճշգրտող հաշիվ վավերագիր և հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն) նվազեցվելու են նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերը: Այդ մասով առանձնացնենք՝
- Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայությունների, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող՝ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ձեռք բերվող գյուղատնտեսական արտադրանքի գծով առաջացող ծախսերը, որոնք կարող են փաստաթղթավորվել հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով:
- Աշխատավարձերի գծով ծախսերը
- Պետական և տեղական տուրքերի, վճարների գծով ծախսեր
- Վճարահաշվարկային համակարգի կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների գծով ծախսերը:
Վերը նշած փոփոխություններով ծագեցին հարկերի հաշվարկման խնդիրներ այն հարկ վճարողների մոտ (օրինակ՝ կացության կազմակերպման ծառայություններ, կազմակերպություններին կից ճաշարանների և խորտկարանների ծառայություններ մատուցողներ), որոնք գտնվում են հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկ) և հիմնական գործունեության բնականոն իրականացման համար իրականացնում են նաև հանրային սննդի կազմակերպում: Հանրային սննդի կազմակերպումը այդ հարկ վճարողների մոտ կա՛մ ներառվում է ընդհանուր ծառայության արժեքի մեջ, կա՛մ դիտարկվում է որպես առանձին գործունեության տեսակ:
Այդ հարկ վճարողների շրջանառության հարկի հաշվարկման համար ՀՀ ՊԵԿ-ը Ծանուցագիր է ուղարկել այդպիսի հարկ վճարողներին՝ առաջարկելով երկու կամ ավելի գործունեությունից ստացված եկամուտների մասով հիմք ընդունել և հաշվարկները կատարել շրջանառության հարկ՝ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների տողում նշված դրույքաչափով:
Կացության կազմակերպման ծառայությունների և կազմակերպությունների կից ճաշարանների և խորտկարանների ծառայությունների մասերով ներկայացնենք մի քանի հիմնավորումներ, ըստ որի՝ ՀՀ ՊԵԿ-ի կողմից Ծանուցագրով ներկայացված առաջարկությունը չի բխում օրենքի պահանջից, առնվազն վիճելի է:
- Համաձայն էկոնոմիկայի նախարարի 2013թ. Սեպտեմբերի 19-ի N874 հրամանի հավելվածի 1-ին ՄԱՍ-ի I (ԱՅ) (Կացության և հանրային սննդի կազմակերպում) բաժինը բաղկացած է 55 (Կացության կազմակերպում) և 56 (հանրային սնունդ) հատվածներից, որոնք էլ համապատասխանաբար բաղկացած են տարբեր խմբերից, դասերից և ենթադասերից: Հավելվածի 2-րդ Մասով (Պարզաբանում)՝ o 55-րդ հատվածի մեջ որոշ միավորներ տրամադրում են միայն բնակատեղեր, բնակության կամ կարճաժամկետ կացության համար, մինչդեռ այլ միավորները բնակության հետ մեկտեղ մատակարարում են նաև պատրաստի սնունդ և հանգստի կազմակերպման համար տարբեր սարքավորանք, մասնավորապես՝ 1. 55.1 (Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ) խմբի մեջ ընդգրկված են սննդով և խմիչքներով ապահովման ծառայությունները, որոնք ներառվում են ընդհանուր ծառայության արժեքի մեջ, 2. 55.2 (Այլ բնակատեղերի տրամադրման ծառայություններ հանգստյան և տոնական օրերին հանգստի կազմակերպման համար) խմբի մեջ բացառվում են ընդգրկված են սննդով և խմիչքներով ապահովման ծառայությունները, որոնք դիտարկվում են հիմնական գործունեությանը կից իրականացվող՝ որպես առանձին գործունեության տեսակ, o 56.29.1 (Կազմակերպություններին կից ճաշարանների և խորտկարանների ծառայություններ) ենթադասի մեջ ներառվում է հավատարմագրային պայմանագրի հիման վրա գործող, սովորաբար արտոնյալ գներով սպասարկող ճաշարանների և խորտկարանների ծառայություններ` կազմակերպությունների, գրասենյակների, հիվանդանոցների, դպրոցական և համանման հաստատությունների համար. որոնք դիտարկվում են հիմնական գործունեությանը կից իրականացվող՝ որպես առանձին գործունեության տեսակ: Այս գործունեության հիմնական նպատակը հիմնական գործունեության բնականոն իրականացումն է, այլ ոչ թե շահույթի հետապնդումը: Հավելվածի 1-ին ՄԱՍ-ի սյունակով այս ենթադասը մասամբ համապատասխանում է 55.10.0 (Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ) ենթադասին:
- Համաձայն 17.12.2003թ.-ին ընդունված «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի հյուրանոցային ծառայությունների մեջ ներառվում են սննդի կազմակերպման և մատուցման ծառայությունները:
- Համաձայն Օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին կետի՝ հարկի հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար՝ Օրենսգրքի՝ առանձին հարկատեսակներին վերաբերող բաժիններով կամ գլուխներով սահմանված կարգով, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի: Այս պարագայում կան երկու և ավելի գործունեության տեսակ, որոնց համար կիրառվում է նույն հարկատեսակը, սակայն սահմանված են տարբեր դրույքաչափեր: Այդ պատճառով հիմք պետք է ընդունվի հիմնական գործունեությունից ստացած եկամուտների համար սահմանված դրույքաչափը:
-
Համաձայն Օրենսգրքի 3-րդ հոդվածի (ՀՀ հարկային համակարգի սկզբունքներ) 1-ին կետի 1-ին ենթակետի՝
պարզություն և հստակություն՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը հարկ վճարողների և հարկային մարմնի համար պետք է լինեն պարզ, հստակ և իրենց մեջ չպարունակեն հակասություններ ու անորոշություններ: Այս պարագայում Օրենսգիրքը հակասում է այս սկզբունքին:
Ամփոփիչ եզրահանգում. համադրելով վերը նշվածը՝ այն կազմակերպությունները, որոնք հիմնական գործունեությունից բացի իրականացնում են նաև 55.1, 55.2 և 56.29.1 խմբերով և ենթադասերով գործունեության տեսակներ և գտնվում են հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկի ռեժիմում), պետք է իրենց և՛ հիմնական, և՛ երկրորդային գործունեություններից ստացած եկամուտների նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվեն 5% դրույքաչափով, որպես Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ*:
*Տեխնիկական նշում. տեղին է նշել, որ taxservice.am կայքի միջոցով շրջանառության հարկի հաշվետվության ֆորման լրացնելիս ևս ի հայտ է գալիս մի հանգամանք, որն իր հերթին համընկնում է մեր եզրահանգման հետ: Այն է. հաշվետվության լրացման ժամանակ տեխնիկապես անհնար է առանձնացնել այլ գործունեությունից և հանրային սնունդի ոլորտի գործունեությունից ստացած եկամուտները: Դա այդպես է, քանի որ Հաշվետվության (Հաշվարկի) սկզբում պահանջում է ընտրել, թե որ ոլորտին է վերաբերում գործունեության տեսակը և շրջհարկի հաշվարկը կատարել միայն այդ տեսակի շրջանառության հարկի դրույքաչափերով։
Հոդվածը պատրաստվել է «Բի-Դի-Օ Ըքաունթինգ, Թաքս Ընդ Լիգըլ» խորհրդատվական-հաշվապահական ընկերության մասնագետների կողմից 2019թ. մարտի 11-ին և հիմնված է այդ պահին գործող օրենսդրության վրա: Այն ընդհանուր խորհրդատվական բնույթ ունի, չի կարող անպայմանորեն հիմք ընդունվել կոնկրետ կազմակերպությունների կողմից իրենց բիզնես որոշումների համար: Այդ նպատակով կարիք կլինի մանրամասն դիտարկել այդ բիզնես գործարքի բոլոր հանգամանքները և ազդող այլ գործոնները: