ՌԴ ԱԳՆ-ն հայկական արմատներով իր քաղաքացիներին հորդորում է Ադրբեջան մեկնելիս ծանրութեթև անել

Ռուսաստանի ԱԳՆ–ն նախազգուշացում է հրապարակել Ադրբեջան այցելություն ծրագրող այն ռուսաստանցիների համար, որոնք հայկական արմատներ ունեն։ Մեկնաբանությունը՝ ստորև․

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ կարգավորված չլինելու պատրվակով Ադրբեջանի սահմանային ծառայությունը շարունակում է մերժել այն անձանց մուտքը երկրի տարածք, որոնք, անկախ քաղաքացիությունից, ունեն ազգությամբ հայ լինելու ուղիղ կամ անուղղակի հատկանիշներ։ Դա պատճառաբանվում է նման անձանց անձնական անվտանգությունն ապահովելու անհնարինությամբ։

Ադրբեջանական կողմին ուղղված՝ ռուսաստանյան կողմի բազմաթիվ ուղերձներն այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետություն ժամանող ՌԴ քաղաքացիների հանդեպ ազգային պատկանելության հիմքով խտրական գործողություններն անընդունելի են, անտեսվում են։

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ Ադրբեջան այցելություն ծրագրող ռուսաստանցիներին հորդորում ենք ծանրութեթև անել հնարավոր վտանգները»։

Այս տարվա հունվարի 11-ին ՌԴ արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտարարել էր, որ «ազգային պատկանելության հիմքով՝ Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունն ու արտաքսումը վերջիններիս իրավունքների կոպիտ խախտում է»։

Զախարովայի հայտարարությունը հետևել է 2018-ի վերջին Ռուսաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացի Քրիստինա Գևորգյանի հետ Բաքվի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպին։ Դեկտեմբերի 29-ին Քրիստինա Գևորգյանը Ֆեյսբուքում պատմել էր, թե ինչպես են իրեն 13 ժամ պահել Բաքվի միջազգային օդանավակայանում՝ «տեղեկատվական մեկուսացման և նյարդային լարվածության պայմաններում»։ Նա տեղեկացրել է, որ իրենից բացի արգելվել է երկու ընտանիքի մուտքը Բաքու՝ պայմանավորված բարեկամներից մեկի հայկական ազգանվամբ։

Քրիստինա Գևորգյանի դեպքը եզակի չէ․ Ռուսաստանի՝ ազգությամբ հայ քաղաքացիները Բաքվում պարբերաբար ենթարկվում են խտրական վերաբերմունքի, ձերբակալությունների և արտաքսման։

Լուսանկարում՝ Բաքվի միջազգային օդանավակայանի տարածքը, որտեղ պահվում են հայկական արմատներ ունեցող անձինք

Մեկնաբանել