Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգվեց։ Այս մասին հայտարարեց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ դատական նիստից հետո։

Այսօր ժամը 15։00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, հրապարակել է որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման ժամկետը երկարարցնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության վերաբերյալ։

Որոշման հրապարակմանը ներկա է եղել նաև Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյանի փաստաբանները գրավի միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատարանը մերժել է այդ միջնորդությունը։

ՀՔԾ միջնորդությունը դատարանը քննեց երկու օր։ Օրբելյանը հայտարարեց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը։

***

Ռոբերտ Քոչարյանին 2018-ի հուլիսին մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ կալանավորվեց 2018-ի հուլիսի 27-ին։ Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Քոչարյանն ազատ արձակվեց։ Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչի որոշումն ու գործն ուղարկեց վերաքննության։ Դեկտեմբերի 7-ին Քոչարյանը կալանավորվեց երկրորդ անգամ։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել