LIVE Blog. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրել։ ՍիվիլՆեթը Ուղիղ տեսա- և տեքստային հեռարձակմամբ հետևում է ասուլիսին։ Վարչապետի հայտարարությունները ներկայացվում են հակադարձ ժամանակագրությամբ։

ID քարտերի մասին

ID քարտը մեր ընկալմամբ պետք է լինի միակ ընտրական փաստաթուղթը։ Մինչև մյուս ընտրություններն անելու ենք այնպես, որ այսօրվա համակարգը, երբ կարող ես քվեարկել թե՛ ID քարտով, թե՛ անձնագրով, թե՛ կենսաչափական անձնագրով, այլևս չգործի։

Ֆեյք նորությունների և մամուլի ազատությունը կարգավորելու մասին

Մամուլի վերահսկողության մասին կարող են մտածել լրագրողները, լսարանը, բայց ոչ կառավարությունը։ Ժողովրդավարությունը մեզ համար բացարձակ արժեք է։ Պատկերացնո՞ւմ եք՝ ես այսքան տարի լրագրող, ու իմ վարչապետության տարիներին լրագրողներին վերահսկեն, չի կարող նման բան լինել։

Հարց – Ո՞վ է ի վերջո Հայաստանի առաջին տիկինը

«Հայաստանցի յուրքանաչյուր տղամարդու համար առաջին տիկինը իր կինն է, և հայաստանցի յուրաքանչյուր կնոջ համար միակ պարոնը իր ամուսինն է․․․ Միակ տղամարդու թեմայից պրծանք, հիմա դա ի՞նչ թեմա է»։

Հայկական և ադրբեջանական կողմերում պահվող քաղաքացիների մասին

Հարց – Հնարավո՞ր է արդյոք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը որպես փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլ քննարկվի Հայաստանում և Ադրբեջանում պահվող բոլոր քաղաքացիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

«Նախկինում գոյություն է ունեցել պրակտիկա, որ սահմանը անցած մարդկանց և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Լեռնային Ղարաբաղը մեկ շաբաթվա ընթացքում հանձնել են սահմանը հատած, մոլորված մարդկանց։ Այդ պրակտիկան ընդհատվել է այն ժամանակ, երբ ադրբեջանցի զինված մարդիկ մտել են մեր տարածք, և սպանություններ են տեղի ունեցել։ Այս իրավիճակում սպանության համար մեղադրվող մարդկանց ուղղակի փոխանակել մոլորված մարդկանց հետ․․․ Մենք պատրաստ ենք մոլորված մարդկանց փոխանակել մոլորված մարդկանց հետ։ Հիմա մենք էլ ունենք իրենց մոտ մոլորված, իրենց վարկածով՝ դիվերսանտ, որ իրենք քսան տարվա ազատազրկման են դատապարտել։

Հիմա իրենց կողմից քաղաքացի է հատել սահմանը, քննություն կգնա՝ կպարզվի՝ դիվերսա՞նտ է, թե՞ սովորական քաղաքացի։ Բայց այն մարդիկ, որոնց գործողության արդյունքում մարդ չի սպանվել,- սա շատ էական տարբերություն է,- որովհետև եթե մենք էդ մարդուն փոխանակում ենք, էդ սպանվածի հարազատի կարծիքը պիտի՞ իմանանք, թե՞ չպիտի իմանանք։

Այն մարդկանց պարագայում, որոնց գործողությունից մարդ չի սպանվել, նույնիսկ չեմ ասում տուժել, այսինքն՝ անվերականգնելի ինչ-որ բան տեղի չի ունեցել, մենք պատրաստ ենք այդ հարցը քննարկել։

Սահմանադրական փոփոխությունների հնարավորության մասին

Կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չունենք։ Այս պահին փաստարկ չկա։ Կարծում եմ՝ ավելի շատ պետք է կենտրոնանանք տնտեսական հեղափոխության, քան սահմանադրական փոփոխությունների։

Քաղաքացիները զգո՞ւմ են արդյոք փոփոխությունները

Վարչապետը պատասխանեց Yerevan.today-ի լրագրողի հարցին, թե արդյոք քաղաքացիները զգում են փոփոխությունները․

«Ազգային ժողովի և կառավարության կայքերում կառավարության զեկույցն է հրապարակված, որտեղ ներկայացված է, թե ինչ և ինչ ծավալի փոփոխություններ են տեղի ունեցել երկրում։ Սա այն դեպքը չէ, որ վարչապետը կտրված է երկրի իրականությունից։ Ես ինքս մարդկանց մեջ եմ։

Միլիոնավոր դոլարներ են ծախսվում ամեն օր կառավարության դեմ հակաքարոզչություն իրականցնելու համար։ Իսկ կառավարությունը դրա դեմ ոչինչ չի անում, քանի որ մեզ համար ազատ խոսքը հիմնարար արժեք է։ Այդ մարդիկ հայ ժողովրդի շրջանում չեն կարող աջակցություն ունենալ՝ միլիոններ ծախսեն, թե միլիարդներ։ Հին համակարգի մնացուկները մեր երկրում հեռանկար չունեն։

Հայաստանում «հասունացող դժգոհության ալիք» չկա։ 24 տարի ասում էին՝ ժողովրդի մենթալիտետը վատն է, ժողովուրդը սիրում է կաշառք վերցնել։ Բա ինչպե՞ս ստացվեց, որ նախորդ տարվա ընտրությունները այժմ միջազգային հարթակներում որպես օրինակ են բերում։ Եթե այսօր ընտրություններ տեղի ունենա, ես վստահ եմ, որ «Իմ Քայլը» դաշինքը կհաղթի, գուցեև ավեի բարձր ցուցանիշներով։ Անկախ Հայաստանում երբեք քաղաքական վիճակն այսքան կայուն չի եղել, ժողովրդավարապես կայուն, ոչ թե ռեպրեսիվ կայուն»։

Սոցիալական վիճակի փոփոխության ցուցանիշներ

Մենք 85 000 մարդու սոցիալական նպաստներ և թոշակներ ենք բարձրացրել, 2 000 մարդու աշխատավարձեր ենք բարձրացրել, 2019-ի հունվարին երկրում համախառն առևտուրը 19%-անոց աճ է ունեցել։ Այո’, Հայաստանում կան մարդիկ, որոնք հեղափոխությունից հետո ավելի լավ չեն ապրում։ Բայց հարցն այն է՝ կա՞ն մարդիկ, որ ավելի վատ են ապրում։ 2018-ի սեպտեմբերին խոսվում էր գնաճի տեմպերի մասին։ Մենք կարողացանք կոնկրետ գործողություններով գնաճը զսպել։ Երկրում ամենակարևոր փոփոխությունն այն է, որ այլևս չկա էլիտա, որ ասում է՝ եկեք բրինձ բաժանենք, կարտոֆիլ բաժանենք։ Նախկին էլիտան ասում էր՝ ես կթալանեմ, ձեզ էլ մի բան կտամ, վերջում էլ ոստիկանությամբ ու ԱԱԾ-ով կգամ ու կճնշեմ, որ տներից դուրս չգաք։ Իսկ մենք ասում ենք՝ մենք չենք թալանելու ու չենք բաժանելու, մենք հնարավորւթյուններ ենք ընձեռնելու, մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի մարդիկ աշխատեն։ Հայաստանը լինելու է աշխատանքի, ժողովրդավարության, տեխնոլոգիաների երկիր։

Օպերայի տարածքում ապամոնտաժվող սրճարանների մասին

Հարց ուղղվեց, թե արդյոք Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժումը ուղղված է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ (Ջազզվե սրճարանը, ըստ մամուլի հրապարակումների, նրան է պատկանում)։

«Այնպես չէ, որ ինձ բերել են քարտեզ, ու ես խաչ եմ քաշել հենց Միքայել Մինասյանին պատկանող սրճարանների վրա։ Այդտեղ իրավական ձևակերպումների խնդիր կա։ Ես գիտեմ, որ սրճարանների մի մասի դեպքում քաղաքապետարանը կարողացել է միակողմանի լուծել պայմանագրերը, որոշ դեպքերում հնարավոր է դատական գործընթաց սկսել։ Ինձ համար բացարձակ տարբերություն չկա՝ ում են պատկանում սրճարանները։ Անգամ եթե իմ հարազատ եղբորը պատկանեին, ոչինչ չէր փոխվելու»։

Ռազմարդյունաբերության և նոր սպառազինությունների ձեռքբերման մասին

Մենք 2018-ի մայիսից քայլեր ենք անում սպառազինության, տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ։ Այսօր մենք ունենք նոր արտադրանքներ, որ, հուսով եմ, առաջիկայում զանգվածային արտադրության ռելսերի վրա կդրվեն։ Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգացած երկիր լինի։ Մենք պետք է կենտրոնանաք խնդրի վրա, հասկանանք՝ որն է այն նոր տեխնոլոգիան, որով պետք է խնդիրը լուծենք։

Արցախի՝ բանակցությունների սեղան վերադառնալու մասին

Ադրբեջանից դրական արձագանքի սպասելու անհրաժեշտություն ընդհանրապես չկա, դիվանագիտական գործընթացում պետք է պարզապես հետևողականորեն աշխատել։ Այն, ինչ որ հրապարակային ասվում է, նորություն չէ ո՛չ ադրբեջանցի մեր գործընկերների, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար։ Մենք պարզապես շարունակում ենք սպասարկել 2018-ի մայիսին ձևավորված օրակարգը։

Ինչպես ես նշել եմ Ստեփանակերտում, Արցախի վերադարձը բանակցությունների սեղան մեզ համար ոչ նախապայման է, ոչ էլ քմահաճույք։ Բանակցությունները բանակցություններ են դառնում, երբ մենք իրար լսում ենք։ Հայաստանը ձևավորել է դիմացինին լսելու սովորությունը, և նույնն ակնկալում է Ադրբեջանից։ Եթե ինչ-որ հարցով մեր դիրքորոշումը կարծր կդիտարկվի, մենք կարող ենք այն մեղմացնել, բայց նույն ակնկալիքն ունենալու ենք մեր գործընկերներից, հակառակ դեպքում խոսակցություն տեղի չի ունենա։

Դատական համակարգի մասին

Ես հարյուր տոկոսով չեմ կարող վստահաբար ասել, որ այսօր դատական համակարգում կաշառք չկա։ Եթե մեր երկրում դեռ հարկային մարմիններում, զինկոմիսարիատներում, այլ պետական մարմիններում կաշառքի դեպքեր կան, չենք կարող պնդել, որ դատական համակարգը անկաշառ է։

Մենք խնդիր ունենք մեր դատական համակարգը բերել եվրոպական ստանդարտի։ Դատավորների սոցիալական երաշխիքներին ուղղված քայլեր են արվել, մշակվում են նոր օրենքներ, քննարկումներ են գնում դատական համակարգի բեռնաթափման մասին։ Եթե դատավորը ծանրաբեռնված է անհամար դատական գործերով, չի կարող որակն ապահովել։ Կա գաղափար՝ պարզ դատական գործերը պատվիրակել նոտարներին։ Կարևոր է նաև, թե ինչ շենքային ու տեխնիկական պայմաններում է աշխատում դատավորը։

Մեր արևմտյան գործընկերները մեզ այս թեմայով հարցնում են՝ դուք մինչև ո՞ւր եք պատրաստ գնալ։ Մենք պատասխանում ենք՝ մենք պետք է գնանք մինչև վերջ և ունենանք անկախ դատական համակարգ։

Մարտի 1-ի գործի բացահայտման քայլերի մասին

Մենք ունենք փաստ՝ մարտի 1-ին արձակված պարկուճները փոխվել են։ Դրանք փոխվել են, քանի որ կարող էին շատ հարցերի պատասխաններ տրամադրել, այդ թվում՝ բացահայտել սպանություններ իրականացնող կոնկրետ անձանց։ Եթե այս վարկածը ճիշտ է, նշանակում է, որ քննչական մարմինը տեղյակ է եղել, թե ովքեր են եղել մարդասպանները։ Նրանք պետք է տան ցուցմունքներ, գան և ասեն՝ ինչու են պարկուճները փոխել։ Բայց նրանք կարծես գալու և ասելու ցանկություն չունեն։ Դա լավ չէ, բայց դա չի նշանակում, որ քննությունը չի շարունակվելու։ Որևէ կասկած չի լինելու, որ մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման համար արվելու է ամեն ինչ․․․․ Կա ևս մեկ վարկած, որ պարկուճները փոխվել են բանակի ներգրավվածությունը թաքցնելու համար։

Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին

Մեր նպատակն այն է, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, թե՛ ցանկացած քաղաքացու հարց քննարկվի օրինականության և օբյեկտիվության շրջանակում։ «Հաշվեհարդար» բառը, կարծում եմ, անհամատեղելի բառ է մի կառավարության նկատմամբ, որը սիրո և համերաշխության հեղափոխության միջոցով է կառավարություն դարձել։ Եթե հաշվեհարդարի ցանկություն լիներ, դրա և՛ հնարավորությունը, և՛ ժամանակը, և՛ համատեքստը կար։

Անհրաժեշտ է պարզաբանել երեք հիմնական սկզբունքները

Անհրաժեշտ է պարզաբանել հակամարտության երեք հիմնական սկզբունքները։ Մենք ունենք տեքստ և տասնյակ մեկնաբանություններ։ Այն մեկնաբանությունները որ տալիս է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի են։ Մենք, իհարկե, կարող ենք փոխարենը մեր մեկնաբանությունները տալ, սակայն խնդիրը լեզվակռիվը չէ։ Ըստ Ադրբեջանի մեկնաբանության՝ ստացվում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս։ Իսկ այլ մեկնաբանությամբ Ղարաբաղը պետք է լինի Հայաստանի մաս։ Կամ անկախ պետություն լինի։ Իմ ասելիքն այն է, որ մինչև մենք բոլորով չենք քննարկել ու պարզաբանել այդ սկզբունքները, բանակցությունները խնդիրներով են ընթանալու։

Ամեն մեկը մի մեկնաբանություն է տալիս։ Ես նոր մարդ եմ բանակցություններում և ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ։ Իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո ես և ԱԳ նախարարը հանդիպել ենք նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Մենք խնդրել էինք նրան, որ որոշակի տեղեկություններ հայտնի։ Ինձ պետք է հասկանալ՝ ինչ է կատարվում, ինչ է նշանակում ամեն բառը, ամեն փուլը։ Այս ամենը ոչ թե քմահաճույք է, այլ անհրաժեշտություն։ Ես ստացել եմ հսկայական տեղեկատվություն, բայց դա նորից նոր հսկայական տեղեկատվության պահանջ է բերում։

Երկխոսության նպատակը հենց խոսելն է։ Եթե բոլորը ամեն ինչ գիտեն, էլ ինչի՞ համար են կազմակերպվում երկխոսություններ։ Շատ հակասական տվյալներ կան։ Եթե բոլորը միձայն ասեին՝ Կազանում տեղի է ունեցել սա, Քի Վեսթում տեղի է ունեցել սա, ես կասեի՝ լավ։ Բայց որքան մարդ կա, այդքան էլ մեկնաբանություն։ Այդ ամեն ինչը պետք է քննարկել և առավելագույնս պարզաբանել։

Ատոմակայանի փակման հնարավորության մասին

Մեր օրակարգում ոչ թե ատոմակայանի փակումն է, այլ դրան համարժեք հզորությունների ձևավորումը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ ատոմակայանը չի կարող հավերժ աշխատել, սակայն այն փակելու մասին մենք չենք մտածում։

ԵՄ-ի աջակցության, պետական պարտքի մեծացման հնարավորության մասին

«Բրյուսելում խոսել եմ 13 ծրագրերի մասին։ Դրանք վերաբերում են ենթակառուցվածքների զարգացմանը՝ մասնավորապես ճանապարհների, ջրամբարաշինությանը․ նախատեսվում է մոտ երկու տասնյակ նոր ջրամբար կառուցել, ոստիկանական համակարգի բարեփոխումներին, էներգետիկ համակարգի զարգացմանը և ներդրումներին, այդ թվում էներգետիկ միջանցքի ձևավորման գործընթացին, կրթության, դատաիրավական բարեփոխումներին։ ԵՄ-ն ասում է, որ պատրաստ է շատ լուրջ դրամաշնորհ տրամադրել այս ծրագրերի իրականցման համար, սակայն պարզ է, որ Հայաստանն էլ պետք է իր սեփական ներդրումներն ունենա։ Այստեղ մենք սահմանափակում ունենք, քանի որ մեր պետական պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի որոշակի տոկոսը։ Կարող եմ բերել Մեղրիի անցակետի օրինակը։ Այդ նախագիծն արժե 20 մլն դոլար, որի կեսը տրամադրել է ԵՄ-ն, իսկ մնացածի համար Հայաստանը վճարել է վարկ վերցնելու շնորհիվ»։

Փաշինյանը հայտարարեց, որ քննարկումներ են ունենալ Կենտրոնական բանկի հետ, որպեսզի դիտարկեն պետական պարտքի մեծացման հնարավորությունը և համապաստախան օրենսդրական փոփոխությունները։

Իրանից գազ ներկրելու, նոր գազատարի հնարավորության մասին

Իրան կատարած այցից առաջ ես հեռախոսազրույցներ եմ ունեցել Վրաստանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի գործընկերների հետ, տեղեկացրել եմ, թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվելու Իրանում, որովհետև կարևոր է նաև նրանց դիրքորոշումը: Քննարկումների արդյունքում է որոշվել, որ այս թեման պետք է Իրանում դառնա կարևոր կետերից մեկը: Քննարկումները շարունակվում են, կշարունակվեն, քանի դեռ չենք եկել դրական կամ բացասական եզրակացության…

Իրանի հետ նոր գազատարի մասին չենք խոսել, ու չենք խոսի առնվազն այնքան ժամանակ, որքան հնարավոր կլինի հին գազատարերը գործածել։ Ես մնում եմ իմ կարծիքին, որ մենք պետք է բոլոր ուղղություններով նախաձեռնություններ ունենանք՝ ուղղված մեր հարաբերությունները զարգացնելուն։

Շաբաթօրյակի մասին

Մարտի 23-ին երկրում հայտարարված է համապետական շաբաթօրյակ։ Հուսով եմ՝ բոլորս ակտիվ կմասնակցենք շաբաթօրյակին։ Ես ինքս մասնակցելու եմ, կլինեմ նախապես չհայտարարված որևէ բնակավայրում։ Երկրի վիզուալ խնդիրներից կարևորագույններից է աղբի համատարածությունը։

Ներդրումային ծրագրերի մասին

Կառավարության հետ այժմ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր, շուրջ 2.7 մլրդ դոլարի ներդրումային ծավալներով։ Այդ ծրագրերից 42-ը 774 մլն դոլարի ներդրումային ծավալով արդեն իրականցման փուլում են, իսկ մյուսները ակտիվ քննարկման փուլում են։ Երկրում ներդրումային հետաքրքրության աճ կա։

Հիփոթեքային վարկավորման մասին

2019 փետրվարին 2018 փետրվարի նկատմամբ հիփոթեքային վարկավորման ծավալը աճել է 100 %-ով: Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում հիփոթեքային վարկավորման աճը կազմել է 145%, իսկ հիփոթեքային պորտֆելի աճի ծավալը կազմել է 30%: Սա նշանակում է, որ առաջիկայում մենք ունենալու ենք շինարարության պահանջարկ, աշխատատեղեր են ավելանալու ոչ միայն շինարարության, այլև շինանյութերի արտադրման և վաճառքի, սպասարկման ոլորտներում։

Պատրաստել է Ժաննա Պողոսյանը

Մեկնաբանել