Պուտի՞նն էլ կբռնի Նազարբաևի ուղին. BBC-ի անդրադարձը

Ղազախստանի մշտնջենական ղեկավարը հեռանում է նախագահի պաշտոնից, սակայն կփորձի պահպանել իշխանությունը մեկ այլ պաշտոնում: BBC-ի ռուսական ծառայությունը Ռուսաստանի և օտարերկրյա փորձագետների հետ քննարկել է այն հարցը, թե արդյո՞ք ՌԴ նախագահը կցանկանա կրկնել իր գործընկերոջ փորձը: Հոդվածը թարգմանաբար և կրճատումներով ներկայացված է ստորև։

2024 թ.լրանում է Վլադիմիր Պուտինի՝ որպես Ռուսաստանի նախագահ պաշտոնավարման վերջին ժամկետը: Արդեն խոսվում է Սահմանադրության փոփոխման հնարավորության մասին, որպեսզի հետագայում Պուտինը կարողանա իշխանության լծակները պահել իր ձեռքում:

Մինչ Ռուսաստանում տարատեսակ տարբերակներ են քննարկում, Ղազախստանի նախագահը, որը 1990-ից ի վեր այդ երկրի ղեկավարն էր, կարծես թե իրականացրեց իր ծրագիրը:

Երեքշաբթի Նազարբաևը հայտարարեց, որ վայր է դնում լիազորությունները։ Սակայն պահպանում է ողջ կյանքի ընթացքում երկրի ղեկավարի պաշտոնը:

Նազարբաևն ունի Ղազախստանի առաջին նախագահի՝ Էլբասի (ազգի առաջնորդ) պաշտոնական կարգավիճակը: Բացի այդ, նա շարունակում է մնալ երկրի անվտանգության խորհրդի նախագահ և «Նուր Օթան» կուսակցության ղեկավարը: Էլբասիի կարգավիճակում Նազարբաևը կարող է դիմել խորհրդարանին և հանդես գալ երկրի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով:

Հնարավո՞ր է իշխանության նմանատիպ տրանզիտը Ռուսաստանի դեպքում, և կարո՞ղ է Պուտինը նման մոդել կրկնել ապագայում:

Գլեբ Պավլովսկի, Արդյունավետ քաղաքականության հիմնադրամի ղեկավար

«Ղազախստանում իրավիճակը լիովին տարբեր է, ժամկետի տարբերությունը մեծ է, և հասարակությունը ավելի բազմակարծ է, ոչ թե մերոնց պես միապետական:

Կարծում եմ, որ Կրեմլը ոգևորված է այս հարցում, քանի որ թևի տակ հայտնվել է իշխանության վակում: Բացի այդ, Չինաստանը ևս մտահոգված է Ղազախստանում տիրող իրավիճակով. այն, ինչպես և Ռուսաստանը, ունի իր սեփական պլանները Ղազախստանի առնչությամբ, և դա նաև խնդիր է Ռուսաստանի համար:

Առայժմ Կրեմլը կանգնած չէ շարունակականության խնդրի առջև: Պուտինը գտնում է, որ իր աշխատանքը փայլուն է, քան երբևէ: Նրա պատկերացմամբ՝ ինքը գտնվում է աշխարհի քաղաքականության կենտրոնում, որ ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է»:

Ալեքսանդր Բաունով, Մոսկվայի Կառնեգի կենտրոնի կայքի գլխավոր խմբագիր

«Ղազախստանում իրականացվում է Ռուսաստանի համար կարևոր մի փորձարկում՝ անհայտ ելքով։ Պարզ չէ՝ ինչպիսի անձնական իշխանություն կպահպանի Նազարբաևը, վայր դնելով այն պաշտոնի լիազորությունները, որը օգնեց նրան կառուցել իր ներկայիս հեղինակությունը։

Մենք գիտենք, որ այս թատրոնը տեղի կունենա նաև մեզ մոտ: Միայն թե Մոսկվայի «պրեմիերայի» վաճառքի մեկնարկի ամսաթիվը դեռ հայտնի չէ:

Ղազախստանը սիրում է առաջ անցնել Ռուսաստանից, ցույց տալ, որ իրենք ավելի առաջադեմ են: Մեկ անգլիական իրավունքի տիրույթ են անցնում, մեկ անցնում լատինատառին։ Այժմ Նազարբաևը իշխանության անցում է իրականացնում Պուտինից առաջ, իսկ Արևմուտքի աչքերում Պուտինը մնում է ազգի միակ ցմահ առաջնորդը, քանի որ Ղազախստանում այն արդեն փոխվում է»:

Արիել Քոեն, Atlantic Council-ի ավագ փորձագետ

«Պուտինը անցումի մի քանի տարբերակ ունի՝ Սահմանադրությունը փոխելը և նոր մարմին, օրինակ, Պետական խորհուրդ ստեղծելն ու այն գլխավորելը։ Մեկ այլ տարբերակ է Բելառուսի հետ դաշնային պետության ստեղծումը, որը կգլխավորի Պուտինը:

Եվ վերջին տարբերակը խորհրդարանական-նախագահական հանրապետության ստեղծումն է, որտեղ Պուտինը կստանա խորհրդարանական մեծամասնություն «Եդինայա Ռոսիա» կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի միջոցով և կդառնա վարչապետ։

Ամեն դեպքում, անհրաժեշտ կլինի Սահմանադրության փոփոխություն, իսկ դա հղի է անկանխատեսելի հետևանքներով»:

Բիլ Թեյլոր, ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի փոխնախագահ, նախկին դեսպան

«Բռնապետերը դժվարանում են իշխանությունը փոխանցելու ձևեր մտածել։ Ավտոկրատիաները իշխանության փոխանցման մեխանիզմ չունեն:

Ղազախստանը անսովոր օրինակ է, նման բան հազվադեպ է տեղի ունենում: Բայց հարցն այն է, թե ինչ է դա: Նոր ավտորիտար առաջնորդի պատրաստու՞մ, թե՞ Ղազախստանի բնակիչները հնարավորություն կունենան իրական ընտրություններ անցկացնել: Արդյոք սա ժողովրդավարական իշխանափոխությո՞ւն է, արտացոլո՞ւմ է ժողովրդի կամքը: Կամ էլ երկրի ղեկավարի դերում կմնա մեկ մա՞րդ։

Ջոն Հերբստ, Atlantic Council-ի Եվրասիական քաղաքականության կենտրոնի տնօրեն

«Մինչև այսօր ոչ մի նշան չկար, որ Նազարբաևը պատրաստվում էր իշխանության խաղաղ փոխանցման, որ ուզում էր հրաժարվել նախագահությունից և լուծում էր փնտրում:

Ես կարծում եմ, որ Պուտինը կարող է առաջնորդվել Ելցինի օրինակով՝ իշխանությունից հեռանալու ցանկության դեպքում իրեն և ընտանիքին պաշտպանող իրավահաջորդ գտնել: Բայց չեմ ասում, որ այդպես էլ կանի: Նա կարող է որոշել, որ ցանկանում է իշխանության գլուխ մնալ ևս 10 – 15 տարի»:

Թարգմանությունը Զառա Պողոսյանի

Մեկնաբանել