«Որքան բարձր է ժողովրդավարության մակարդակը, այնքան ցածր՝ հակամարտության հավանականությունը»

Հետազոտությունները փաստում են՝ որքան տարածաշրջաններում բարձր է ժողովրդավարության մակարդակը, այնքան ցածր է հակամարտության ու ագրեսիայի հավանականությունը․ այս մասին գրում է Սթոնհիլ Քոլեջի (ԱՄՆ) քաղաքագիտության պրոֆեսոր Աննա Օհանյանը Washington Post պարբերականում լույս տեսած իր հոդվածում՝ «Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է, և ահա թե ինչ է անհրաժեշտ» վերնագրով։

«Հայաստանի ժողովրդավարական ճեղքումը, հնարավոր է, փոխել է երկու կողմում առաջնորդների շարժառիթները։ Այժմ տարածաշրջանի երկու երկրներ՝ Հայաստանն ու Վրաստանը, ժողովրդավարական ուղի են բռնել։

Վերջին հետազոտությունները փաստում են՝ որքան բարձր է տարածաշրջաններում ժողովրդավարության մակարդակը, այնքան ցածր՝ հակամարտության ու ագրեսիայի հավանականությունը։ Ժողովրդավար հասարակությունները խրախուսում են իրենց հարևանների հետ խաղաղ շփումներ և փոխազդեցություն։ Նրանք ձգտում են առաջ մղել համագործակցությունն ու փոխզիջումների գնալ իրենց տարածաշրջաններում։ Ժողովրդավար հասարակություններն ավելի հակված են մեծ շուկաներում աջակցելու մարդու իրավունքների ու տնտեսական շահերի ոլորտներում միմյանց համատեղ նպատակներին։ Դա թուլացնում է աջակցությունը հակամարտությունների ռազմական «լուծումներին»։ Սակայն դա բավարար չէ։ Հետազոտությունները նաև վկայում են, որ խաղաղ համաձայնագրերի իրագործումն ավելի հավանական է, երբ հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերը ներառված են նաև խաղաղության գործընթացում։ Այժմ անհրաժեշտ է գործընթացում ներառել հակամարտությունից տուժած խմբերին՝ հակամարտության գոտուն մոտ գտնվող գյուղական համայնքներ, կանայք, փախստականներ և բուն Լեռնային Ղարաբաղը․ նրանք բոլորը տարիներ շարունակ դուրս են մնացել բանակցություններից։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեկանգամյա, վերևից ներքև հաստատված խաղաղ գործարքները ձախողվում են այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունների միջև միաժամանակ չեն հաստատվում լայն կապեր:

Անշուշտ, անիրատեսական է ժողովուրդների միջև շփումների կոչ անել այն ժամանակ, երբ զինվորականները շարունակում են կանգնած մնալ սահմաններին՝ տարածաշրջանում անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում։

Տարածաշրջանի բոլոր ներգրավված կողմերը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և բուն Լեռնային Ղարաբաղը, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական խմբերը և այլք պետք է ներգրավված լինեն լայն տարածաշրջանային անվտանգությանն առնչվող համաձայնագրերի ու կառույցների կերտման գործընթացում։

Տարածաշրջանային անվտանգությունը կարող է ամփոփվել տարածաշրջանային կանոններում, պայմանագրերում, համաձայնագրերում։ Դրանք կարող են թույլ տալ համայնքային առաջնորդներին միասին աշխատել համատեղ խնդիրների վրա՝ թմրամիջոցների շրջանառություն, գյուղական աղքատություն, շարքից դուրս եկած առևտրային ուղիներ, համագործակցություն ջրային ոլորտում կամ մշակութային ժառանգության պահպանում»,- գրում է Աննա Օհանյանը։

Աննա Օհանյանի համոզմամբ՝ բազմակողմ հարթակները կարող են թուլացնել թշնամանքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ սոցիալական տարբեր խմբերի օգնելով կառուցել վստահություն ու հաստատել շփումներ։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել