2018-ին Ադրբեջանում հայտնված և 2019-ի փետրվարին 20 տարի ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հայրը՝ Արմեն Ղազարյանը, մարտի 22-ին այցելել է մարտի 16-ին Հայաստանի պետական սահմանը խախտած Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովին:
Ինչպես հայտնում են ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովից, ադրբեջանցի սահմանախախտի հետ զրույցում Արմեն Ղազարյանը հետաքրքրվել է նրա առողջական և բարոյահոգեբանական վիճակով: Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը Կարեն Ղազարյանի հորը պատմել է իր պահպանման վայրի պայմանների, իրեն տրամադրված պատշաճ բուժօգնության մասին՝ տեղեկացնելով, որ հայ բժիշկները հոգատար վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ։
Զրույցի ընթացքում Կարեն Ղազարյանի հայրը Էլվին Հիբրագիմովին է պատմել Կարենի պատմությունը, ով նույն կերպ մեկ տարի առաջ մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի իրավազորության ներքո, սակայն ադրբեջանական իշխանությունների կողմից անարդարացիորեն դատապարտվել է ազատազրկման շինծու մեղադրանքների հիման վրա:
Կարեն Ղազարյանի հայրը Էլվին Հիբրագիմովին մաղթել է շուտափույթ ապաքինում։
Կարդացեք նաև՝
Պատրաստ ենք մոլորված մարդկանց փոխանակել մոլորված մարդկանց հետ. Նիկոլ Փաշինյան
Լիլիթ Աբովյան