Արտակ Քամալյան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Պարզաբանում՝ գյուղատնտեսական հողերի օգտագործման, և արդյունավետության բարձրացման նպատակով պետական բարեփոխումների համապարփակ ծրագրի անհրաժեշտության մասին։
ՍիվիլՆեթին տված իմ հարցազրույցից (տե՛ս՝ Ինչ անել չմշակվող հողերի հետ. գյուղնախարարությունը օրենքի նախագիծ է մշակում) հետո ինձ շատ են գրում բարձրացրածս հարցի վերաբերյալ։
Ասեմ, որ ներկա փուլում հարցը քննարկվել է փոքրաթիվ մասնագետների հետ, սակայն կցանկանայի մեր մշակած թեզերը ներկայացնել լայն հանրությանը քննարկմանը, որի արդյունքում կմշակվի առավել թիրախային բարեփոխումների ծրագիր:
Գյուղատնտեսական հողերի օգտագործման և արդյունավետ մշակման խնդրի լուծման էությունն այն է, որ պետությունը մշակում և իրականացնում է գյուղատնտեսական հողերի համապարփակ ծրագիր, որը նախատեսում է նաև լայնամասշտաբ ինտերվենցիա:
Այլ կերպ ասած, մենք ֆերմերին առաջարկում ենք վաճառել իր հողատարածքը պետությանը, տվյալ տարածաշրջանում 1 հա վարելահողի համար նախապես սահմանված գնով: Այնուհետև, կառավարության կողմից, այդ հողերը կոնսոլիդացվում են նվազագույնը, օրինակ, 3-5 հա չափով հողակտորների, որին հաջորդում է բաց աճուրդ բոլոր ցանկացողներին` ֆերմերներ, քաղաքացիներ, պոտենցիալ ներդրողներ
Հաշվի առնելով տվյալ հարցի կարևորությունը, կարծում եմ, որ առաջին փուլում պետք է իրականացնել պիլոտային (փորձնական) ծրագիր մարզերից մեկում՝ ներգրավելով միջազգային զարգացման գործակալություններին: Ուստի խնդրում եմ մեր գործընկերներին ուսումնասիրել այս հարցը: Գործընթացը բավական բարդ է, ուստի պահանջում է համատեղ ջանքերի և գիտելիքի համախմբում:
Մենք ենթադրում ենք գնման գործընթացի կազմակերպման քայլերի հետևյալ հաջորդականություն.
1․ Հողային շուկայի զարգացման պետական կոմիտեի ստեղծում որոշակի բյուջեով և լիազորություններով:
2․ Գյուղատնտեսական նշանակության հողերի գույքագրում և տվայլների բազայի ձևավորում:
3. Հստակ մեխանիզմների, և իրավական դաշտի մշակում: Հիմնական սկզբունքը` կամավորությունն է: Մարդիկ ցանկանում են վաճառել, վաճառում են, չեն ցանկանում` չեն վաճառում:
4. Տվյալ տարածաշրջանի բոլոր պայմանական վարելահողերի 1 հա-ի համար սահմանվում է միևնույն արժեքը (միակ տարբերությունը կարող է լինել կախված այն հանգամանքից` ոռոգվող է հողատարածքը, թե ոչ):
5. Գյուղատնտեսական հողերի տարբեր տեսակներ ըստ համապատասխան գործակիցների վերածվում են պայմանական վարելահողի (վարելահող` 1 հա, խոտհարք` 0,7 հա, արոտավայր` 0,4 հա և այլն):
6. Գործարքի ձևակերպմանն առնչվող բոլոր ծախսերը հոգում է պետությունը:
7. Հողի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատրաստման ծախսերը հոգում է սեփականատերը:
8. Գործարքի կատարման առավելագույն տևողությունը 3-5 աշխատանքային օր է` հաշվված հողի սեփականության իրավունքի վերաբերյալ փաստաթղթերի գրանցման ներկայացման օրվանից: Վաճառողը նշված օրերի ընթացքում պետք է ստանա պայմանագրով սահմանված գումարը իր ամբողջ ծավալով:
9. Բոլոր գործընթացները պետք է կազմակերպվեն և իրականացվեն առավելագույնս թափանցիկ:
10. Առաջնային վաճառքից ֆիզիկական անձանցից եկամտահարկ չի գանձվում:
Հողատարածքների ձեռքբերումից հետո պետական լիազոր մարմինը իրականացնում է ձեռքբերված հողատարածքների միավորում` ձևավորելով հողակտորներ, և հանում է աճուրդի: Պետք է առաջնահերություն տալ տվյալ համայնքի ֆերմերներին, որոնք ուզում են ընդլայնել իրենց արտադրությունը:
Վաճառք (կամ վարձակալություն) պետության կողմից
1․ Գնված հողատարածքների տնօրինում կարող է իրականացվել երկու տարբերակով․
ա) Հողակտորի վաճառք աճուրդով` գինը՝ գնման գինը + ձևակերպամանն ու միավորմանն առնչվող պետական ծախսերին համարժեք գումար։
բ) Երկարաժամկետ վարձակալություն 49+ տարի աճուրդով` գինը` հողային հարկ + հողային ռենտա սկզբունքով: Հողային ռենտան առաջին 5 տարվա համար համարժեք է հողային հարկի 20 տոկոսին, 5-10 տարում` 50 տոկոսին, 10-րդ տարուց հետո` համարժեք հողային հարկին (ես ինքս ավելի շատ երկրորդ տարբերակի կողմնակից եմ, քանի որ այն հնարավորություն է տալիս հողային հարկի միջոցով կարգավորել շուկաները):
2․ Հողային լոտերի չափերը: Անհրաժեշտ է սահմանել հողային լոտի առավելագույն և նվազագույն չափեր, որոնք հնարավոր կլինի աճուրդով վաճառել մեկ ֆիզիկական անձի կամ կազմակերպության (3-200 հա):
3․ Աճուրդում հաղթողների ընտրության չափանիշներ: Գնման (կամ վարձակալության) առաջնահերթության իրավունքը տրվում է այն անձանց, ովքեր հարևանությամբ ունեն հողատարածքներ, ենթակառուցվածքներ (ոռոգման համակարգեր, պահեստներ, սառնարաններ), գյուղատնտեսության ոլորտում աշխատելու փորձ, նպատակային վաճառք կամ վարձակալություն, օրինակ, հողատարածքներ խաղողի այգիների համար և այլն:
4․ Վարձակալության պայմանագրերի դադարեցման հստակ կանոններ: Օրինակ, 2-3 տարի պարբերաբար չմշակման դեպքում հարկերի կամ ռենտայի չվճարման պարագայում վարձակալության պայմանագիրը դադարեցվում է միակողմանիորեն:
5․ Հողի երկրորդային վաճառքից, եթե այն իրականացվել է գնման պահից սկսած 5 տարվա ընթացքում, ֆիզիկական անձանց եկամտահարկը գանձվում է ամբողջ ծավալով:
6․ Սեփականատերեր կարող են լինել միայն ՀՀ քաղաքացիները
Սրանք միայն առաջին մոտեցման որոշակի մտքեր են, որոնք, իհարկե, կփոփոխվեն վերջնական քննարկման արդյունքում:
Հողային շուկայի զարգացման բոլոր երեք ուղղությունները (առաջի երկու ուղղությունները նայեք ՍիվիլՆեթում հրապարակված այս հոդվածում) արդյունավետ իրականացնելու արդյունքում, էապես կբարձրացնենք որոլտի ներդրումային գրավչության, ինչպես նաև հողերի օգտագործման արդյունավետությունը: Առանցքային է նաև, որ արտոնություններ սահմանվեն այն ֆերմեների համար, որոնք ցանկանում են ավելացնել արտադրությունը և ընդլայնել գործունեության դաշտը: Հատկանշական է, որ այս մեխանիզմի իրականացումը որևէ ֆինանսական բեռ պետության վրա չի դնում, այն անցումային շրջանում նպաստում է չօգտագործվող հողերի անցմանը դեպի արդյունավետ օգտագործում:
Միևնույն ժամանակ, կձևավորվի երկրորդային գյուղատնտեսական հողերի շուկա, որը առանցքային է ոլորտի զարգացման համար, և կբարձանա ֆինանսական կառույցների հետաքրքրությունը․ չէ՞ որ, եթե առևտրային բանկերը հստակ գիտակցեն, որ պետությունը իրենցից կգնի հողեր մեկ հա-ի համար նախապես սահմանված արժեքով, նրանք, որպես գրավի երաշխավորություն ֆերմերներից հողատարածքներ կվերցնեն: Արդյունքում, արդյունավետ ֆերմերների մոտ ի հայտ կգան վարկավորման համար գրավադրման ռեսուրսների լրացուցիչ ծավալներ։
Այսպիսով, գյուղատնտեսության ոլորտում տարիներ շարունակ ամենամեծ խնդիրը՝ հողային կտորների փոքր չափերը և կտրտվածությունը, ինչպես նաև չօգտագործվող հողերի խնդիրը համապարփակ լուծում կստանան: Սա կլինի նոր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում արմատական բարեփոխումների փայլուն մեկնարկ:
Կարդացե՛ք նաև՝
Ինչ անել չմշակվող հողերի հետ. գյուղնախարարությունը օրենքի նախագիծ է մշակում