Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստան կատարած այցի արդյունքներով հայտարարել են, որ երկրի իշխանությունները խորապես հասկանում են հանրության՝ փոփոխությունների ակնկալիքները: Համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելին (Սլովենիա) հույս են հայտնել, որ իրականացվելիք բարեփոխումները կհանգեցնեն կոնկրետ և շոշափելի արդյունքների։
Համազեկուցողները ողջունել են Հայաստանի պատգամավորների՝ ինստիտուցիոնալ համակարգում Ազգային ժողովին կենտրոնական դեր հատկացնելու հանձնառությունն ու իշխանությունների տարանջատման գործադիրի ցանկությունը։
«Հայաստանում «ուղղաձիգ իշխանության» ավանդույթը հնացած է, և միայն կարելի է ողջունել ուժերի իրական հավասարակշռություն հաստատելու ցանկացած պատրաստակամություն»,- հայտարարել են համազեկուցողները։
Հանդիպումների ընթացքում նրանք ծանուցվել են, որ որոշ ոլորտներում, ինչպես օրինակ՝ սեռերի հավասարության ու կոռուպցիայի դեմ պայքարի, իշխանությունների կողմից արձանագրվել է վերաբերմունքի և տոնայնության հստակ փոփոխություն, գրանցվել են շոշափելի արդյունքներ կոռուպցիայի դեմ պայքարում։
«Մենք ողջունում ենք նախապատրաստվող բազմաթիվ կարևոր բարեփոխումները, որոնք առնչվում են դատական համակարգի անկախությանը, քրեական նոր քաղաքականության ընդունմանը, կոռուպցիայի դեմ պայքարի համար ստեղծվող կառույցներին»,- ասված է հայտարարությունում։ Շեշտվում է, որ համազեկուցողները ուշադիր հետևելու են բարեփոխումների իրագործման ընթացքին։ Նրանք կոչ են արել Հայաստանի իշխանություններին օգտվել հանրության բարձր վստահությունից։
Հայաստանի հարցերով համազեկուցողները նաև ողջունել են այն հասունությունը, որով հայկական քաղաքական ուժերն ու հայ ժողովուրդը իրականացրել են խաղաղ հեղափոխությունն ու քաղաքական անցումը։
«Այս անցումն ավարտվել է 2018-ի դեկտեմբերին կայացած ընտրություններով, որոնք համարվել են ազատ և թափանցիկ միջազգային բոլոր դիտորդների և հայաստանյան քաղաքական դերակատարների մեծ մասի կողմից։ Փոփոխությունները, որոնք ընթանում են երկրում, խորն են։ Եվրոպայի Խորհուրդն ու Խորհրդարանական վեհաժողովը հայ ժողովրդի և նրա ներկայացուցիչների տրամադրության տակ են՝ ապահովելու այդ փոփոխությունների հաջող նախապատրաստում և իրագործում»,- ասված է համազեկուցողների հայտարարությունում։