Հայաստանը, Ադրբեջանն ու համանախագահները միաժամանակ կհայտնեն հանդիպման մասին․ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Yerkir.am-ի և «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում անդրադարձել է Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպմանը:

«Կխնդրեմ, որ թույլ տաք հարգենք միմյանց` մեր գործընկերներով, որպեսզի մենք, համանախագահները, ադրբեջանական կողմը միաժամանակ անենք այդ հայտարարությունը»,- նշել է նախարարը:

Մարտի 25-ին Ավստրիայի նախագահական կայքը տեղեկություն էր տարածել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 29-ին Վիեննայում հանդիպելու են Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ:

Yerkir.am-ի հարցին, թե մարտի 29-ին նախատեսվո՞ւմ է Փաշինյան-Ալիև հանդիպում, վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակը պատասխանել էր` ըստ էության, չհերքելով փաստը: «Ղեկավարների միջև հանդիպման մասին տեղեկությունը տարածում ենք համաձայնեցված կարգով»,- ասել էր Վլադիմիր Կարապետյանը:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթաց պաշտոնական Ստեփանակերտի վերադարձին, Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ այդ հարցը, անշուշտ, կարևորվում է: «Դուք գիտեք, որ մենք արտահայտել ենք մեր մոտեցումն այդ հարցի շուրջ, որ դա սկզբունքային հարց է, բայց ոչ` նախապայման: Սա պրակտիկ, պրագմատիկ հարց է, որպեսզի բանակցություններն էլ ավելի արդյունավետ տարվեն առաջ: Մենք այդ մտադրությունն արտահայտել ենք որպես առավել արդյունավետ բանակցելու կարևոր հանգամանք, կշարունակենք քննարկել»,- ասել է նա։

Կարդացե՛ք՝

Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ. փաստաթուղթ և ձևաչափ․ Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել