Հետաքննող լրագրողները գտել են Ալիևների մոսկովյան կալվածքները

Ադրբեջանական Meydan.tv ընդդիմադիր կայքում լույս է տեսել Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի՝ OCCRP-ի հետաքննական հոդվածը Ադրբեջանի իշխող կլանի՝ Ալիևների մոսկովյան թանկ կալվածքների մասին։ Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Մոսկվայից 10 կմ հեռավորության վրա՝ Ռուբլյովո-Ուսպենսկիյ մայրուղու երկայնքով, գտնվում է աշխարհում ամենաթանկ բնակելի անշարժ գույքի տարածքներից մեկը:

Մայենդորֆյան պարտեզները (Meyendorff Gardens) իր անվանումը ստացել է ռուսական հեղափոխությունից առաջ այստեղ բնակվող հայտնի Մայենդորֆների ընտանիքի անունից։ Նրանց պալատը հետագայում դարձավ բացառիկ հանգստյան տուն այնպիսի հայտնի անձանց համար, ինչպիսիք են տիեզերագնաց Յուրի Գագարինը և գրող Միխայիլ Բուլգակովը։ Այստեղ է գտնվում նաև ՌԴ նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ոչ պաշտոնական բնակավայրը:

Մոտակայքում գտնվում են Ռուսաստանի ամենահայտնի միլիարդատերերից մի քանիսի առանձնատները: Օրինակ, դրանցից մեկը կառուցված է տիեզերանավի օրինակով՝ աշխարհահռչակ ճարտարապետ Զահա Հադիդի կողմից, և պատկանում է անշարժ գույքի ոլորտում հայտնի գործարար Վլադիսլավ Դորոնինին։

Սա Ռուսաստանի ամենաթանկ անշարժ գույքի բնակելի գոտիներից է: Իր կայքում «Meyendorff Gardens-ի» կառուցապատողը գնորդներին երաշխավորում է գործարքների գաղտնիությունը, քանի որ «հասկանում է տեղական հաճախորդների բնույթը»: Տարածքում անվտանգության աշխատակիցները չգիտեն, թե ով է այնտեղ բնակվում, ժամանող բոլոր մեքնեաները մգեցված ապակիներով են։

Մայենդորֆյան պարտեզներում են գտնվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող երկու առանձնատներ:

Ռուսաստանի գույքի պետռեեստրի համաձայն` պարտեզներում գտնվող մոտ 1600 քմ մակերեսով առանձնատունը իր գրեթե 7,200 քմ հողատարածքի հետ միասին գրանցված է նախագահի 22-ամյա որդու` Հեյդար Ալիևի անունով: Այն ունի նաև պահակատուն:

Ռեեստրի համաձայն, Հեյդար Ալիևը առանձնատունն ու հողամասը նվեր է ստացել մորական պապի՝ Արիֆ Փաշաևի կողմից, 2007թ. ապրիլին: Փաշաևը կալվածքը գնել էր դրանից մեկ տարի առաջ։ Մոսկվայի անշարժ գույքի շուկայում վերջին մի քանի տատանումներից հետո նմանատիպ գույքը գնահատվում է 2,3 մլրդ ռուբլի (մոտ 35 մլն դոլար):

Ալիևների ընտանիքին պատկանող երկրորդ կալվածքը գտնվում է Մայենդորֆյան պարտեզների մյուս կողմում: OCCRP-ն նախկինում հաղորդել էր, որ այն պատկանում է Ադրբեջանի նախագահի ավագ դուստր Լեյլային:

Այդպիսի կալվածքները Ալիևի ընտանիքի ունեցվածքի միայն փոքր մասն են: Չեխիայում Կառլովի Վարի քաղաքի վիլլայից և Լոնդոնում գտնվող պալատից բացի, ընտանիքը նաև ունի միլիարդավոր դոլարների բիզնեսներ, այդ թվում` հյուրանոցներ և ոսկու հանքեր Ադրբեջանում, ինչպես նաև հանգստյան գոտի, հյուրանոց և առանձնատներ Դուբայում:

Նրանց հիմնական ակտիվը, սակայն, Ադրբեջանի նախագահությունն է, որն անցավ Իլհամ Ալիևին իր հոր՝ Հեյդար Ալիևի մահից հետո 2003թ.: Այդ ժամանակից ի վեր փոխվել է երկրի սահմանադրությունը, որպեսզի նախագահը կարողանա վերընտրվել անսահմանափակ թվով, իսկ նախագահության ժամկետը հինգից դարձավ յոթ տարի: Բացի այդ, ստեղծվեց առաջին փոխնախագահի պաշտոնը, որը ներկայում զբաղեցնում է Ալիևի կինը` Մեհրիբանը:

Երկիրը հայտնի է համատարած կոռուպցիայով և մարդու իրավունքների մեծաթիվ խախտումներով: Նախագահի ընտանիքը վերահսկում է նավթով հարուստ երկրի տնտեսության զգալի մասը, ներառյալ էներգիայի, շինարարության, զբոսաշրջության, տրանսպորտի, անշարժ գույքի և այլ ոլորտների բաժնետոմսերի խոշոր մասը:

Ադրբեջանի նախագահի թեկնածուները պարտավոր են հայտարարագրել իրենց եկամուտներն ու ունեցվածքը: Վերջին նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2018թ., սակայն ընտրական հանձնաժողովը, որը պարտավոր չէ հրապարակել հայտարագրումները, ոչինչ չի հրապարակել։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Կարդացեք նաև՝

Ադրբեջանական լվացքատուն․ Ալիևները՝ միջազգային հետաքննական սկանդալի կենտրոնում

Մեկնաբանել