ՊՎԾ-ն հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի մշտադիտարկումներ է անցկացրել

Պետական վերահսկողության ծառայությունը ուսումնասիրություններ ու մշտադիտարկումներ է իրականացրել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում՝ այդ շուկան ազատականացնելու նպատակով։ Շուկայի 82 տոկոսը զբաղեցրել են երկու ընկերություններ՝ «Ֆրեզեն» և «Նատալի ֆարմ» ընկերությունները, ուստի ՊՎԾ-ն առաջարկել է հեմոդիալիզի սարքավորումների գնման ընթացակարգերում կատարել փոփոխություններ։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՊՎԾ մամուլի ծառայությունը։

Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 28-ին հայտարարել էր, որ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու հիմքով կալանավորվել են ՊՎԾ աշխատակիցներ Ս. Ա.-ն, Գ.Խ.-ն և տնտեսվարող այն սուբյեկտի ներկայացուցիչը, որը հանդիսացել է ՊՎԾ աշխատակիցների հովանավորյալը։

ՊՎԾ-ն իր հաղորդագրությունում նշել է, որ օրինակ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը այնպես է կազմել գնման ընթացակարգը, որ դրան կարող էր միայն մասնակցել ու հաղթել «Ֆրեզեն» ընկերությունը, իսկ իրենք որոշ առաջարկություններ են արել գնման ընթացակարգը փոխելու վերաբերյալ։ «Առաջարկությունները մասամբ ընդունվել են բժշկական կենտրոնի կողմից, ինչի արդյունքում տնտեսվել է շուրջ 12 միլիոն դրամ»,- նշված է հաղորդագրությունում։ ՊՎԾ-ն տեղեկացնում է նաև, որ համանման առաջարկներ են արվել նաև Վանաձորի բժշկական կենտրոնին։

Առաջարկներն, ըստ ՊՎԾ-ի, չեն ընդունվել և հեմոդիալիզի ապրանքները ձեռք են բերվել 30 տոկոսով ավելի բարձր գնով։ ՊՎԾ-ն հայտարարել է նաև, որ «Ֆրեզեն» ընկերությունը գնման մրցույթների մասնակցելով՝ ապահովում է գերշահույթ։

Կարդացեք նաև՝

ՊՎԾ աշխատակիցների ձերբակալության մասին տեղեկության հետքերով

Մեկնաբանել