Հայաստանի երիտասարդների 10%-ը չի աշխատում, քանի որ «չունի աշխատանքի կարիք»

Հայաստանում երիտասարդ կանայք տղամարդկանցից ավելի շատ են ստանում բարձրագույն կրթություն, սակայն ավելի պասիվ են աշխատաշուկայում․ գործազուրկ երիտասարդների 65%-ը կանայք են։ Ըստ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության «Հայաստանում աշխատաշուկայի երիտասարդակենտրոն և գերզգայուն հետազոտություն» հաշվետվության՝ կանանց գործազրկության գլխավոր պատճառը տնային գործերով զբաղվածությունն է և երեխայի խնամքը։ Փոխարենը երիտասարդ տղամարդկանց գործազրկության գլխավոր պատճառները ուսմամբ զբաղված լինելն ու համապատասխան աշխատանք չգտնելն է։

Կազմակերպությունը հետազոտել է 18-30 տարեկան ՀՀ քաղաքացիների ներգրավվածությունը աշխատաշուկայում, նրանց խնդիրներն ու ոլորտի մարտահրավերները։ Ըստ կազմակերպության տարածաշրջանային ծրագրի ղեկավար Արսեն Սիմոնյանի՝ հետազոտության ընթացքում ամենահետաքրքիր թվերից մեկն այն էր, որ երիտասարդների 10%-ը չի աշխատում այն պատճառով, որ «աշխատանքի կարիք չունի»։

«Հնարավոր է՝ աշխատանքը դիտարկում են միայն որպես ֆինանսական ապահովության միջոց։ Իսկ եթե այդպես չէ, նշանակում է, որ պարզապես ցանկություն չունեն աշխատելու», – նշեց նա ՍիվիլՆեթի հետ զրույցում։

Հայաստանում ամեն հինգերորդ երիտասարդ ստվերային աշխատող է՝ առանց գործատուի հետ կնքված պայմանագրի։ Հաշվետվության ներկայացման միջոցառմանը ներկա կրթության և գիտության նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշեց, որ զեկույցը կարող է թե կրթության և գիտության և թե աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների համար հանձնարարականների տեղիք տալ։

Ժաննա Պողոսյան

Մեկնաբանել