Մարտի 27-ին բացվեց «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ներկա է գտնվել «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ «Օրբելի» կենտրոնը Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, որը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում:

Վարչապետը շնորհավորել է «Օրբելի» կենտրոնի բացման առթիվ և վերջինիս վերլուծաբաններին ու փորձագետներին մտավոր գործունեության մեջ մաղթել հաջողություններ: «Այն ամենը, ինչ իրականում տեղի է ունենում մեր շուրջը, նախ տեղի է ունենում մեր մտքում և հետևաբար մեր միտքը պետք է լինի կառուցողական, ճկուն, հզոր ու կարողանա հաղթահարել բոլոր արգելքները: Ես որևէ կասկած չունեմ, որ այդպես էլ կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել «Օրբելի» կենտրոնի պաշտոնական կայքի շնորհանդեսը: Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կենտրոնի զարգացման հեռանկարներն ու ծրագրերը։

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր պետության առաջխաղացման գրավականը նրա մարդկային, մտավոր ռեսուրսն է, և մենք փորձելու ենք այդ մտավոր ռեսուրսը տարբեր ձևաչափերով համախմբել, և այն օգտագործել՝ հանուն պետության զարգացման: Մենք զարգացման երկարատև ծրագրեր ունենք, «Օրբելի» կենտրոնը լինելու է ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային կենտրոն: Մենք պետք է ներկայացված լինենք արտերկրյա հարթակներում և դրանով իսկ ավելի ներկայանալի դարձնենք Հայաստանն աշխարհում»,- նշել է Հովհաննես Մովսիսյանը:

Միջոցառմանը ներկա նախագահ Արմեն Սարգսյանն իր հերթին ասել է․ «Թինք-թանքերը պատմական շատ հին արմատներ ունեն,-ասել է նախագահ Սարգսյանը:- Նրանք նաև իրենց ադմինիստրատիվ կառույցերով կարող են լինել շատ տարբեր: Դրանք կարող են կապված լինել կառավարության, պետության, կուսակցությունների հետ, ունենալ պետական աջակցություն, կարող են լինել անկախ, կարող են կապված լինել զանազան համալսարանների, գիտական կենտրոնների, անկախ կենտրոնների հետ և այլն»:

Մեկնաբանել