Պատգամավորները համայնքապետերին պաշտոնանկ անելու մեխանիզմ են առաջարկում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ առաջարկում են համայնքապետերին պաշտոնանկ անելու մեխանիզմներ ներդնել։

«Գործող օրենսդրության կարգավորման շրջանակում, իրավակիրառ պրակտիկայում հնարավոր չէ համայնքի ղեկավարին պաշտոնանկ անել կամ անվստահություն հայտնել՝ բացառությամբ Երևան, Գյումրի և Վանաձոր համայնքների, որտեղ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու իրավասությունը վերապահված է տվյալ համայնքի ավագանուն: Առօրյա կյանքում լինում են բազմաթիվ դեպքեր, երբ համայնքի բնակիչների գերակշիռ մասը դեմ է համայնքի ղեկավարի հետագա պաշտոնավարմանը, ինչի համար սակայն, առկա չեն համապատասխան իրավական գործիքակազմեր, որպեսզի բավարարվի տվյալ համայնքի բնակիչների պահանջը»,- ասված է պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Մաթևոս Ասատրյանի և Նարեկ Մկրտչյանի հեղինակած նախագծում։ Այս առաջարկը հրապարակվել է Ազգային ժողովի կայքում։

«Գտնում ենք, որ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով տեղական հանրաքվեի արդյունքները պետք է համարվեն դրական, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց 40 տոկոսը, ինչը իրականում կկազմի համայնքում փաստացի բնակվողների այն անհրաժեշտ քանակը, որից ավել ձայներով բացասական որոշում չէր կարող ընդունվել»,- նշված է առաջարկում։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել