Եթե Ադրբեջանը դիմի ուժի, «Արցախն իրավունք ունի ձեռնարկելու ինքնապաշտպանության անհրաժեշտ միջոցները»

Արցախի ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը մեկնաբանություն է տվել Lragir.am գործակալությանը։

«Ադրբեջանական կողմի պնդումները, որ իբր կա տարբերություն այն խաղաղության մեջ, որի մասին խոսում է Հայաստանը, և այն խաղաղության մեջ, որի մասին խոսում է միջազգային իրավունքը, Բաքվի կողմից միջազգային իրավունքի նորմերի աղավաղված ընկալման և կամայական մեկնաբանման ակնհայտ հետևանք են։ Ավելին, Ադրբեջանի գերագույն ղեկավարությունը ժխտում է միջազգային իրավունքը, համարելով, որ միջազգային հարաբերություններում գերիշխում է «ճշմարտությունն ուժեղի կողմն է» սկզբունքը»,- ասել է Ներսիսյանը։ Նրա խոսքով՝ միջազգային իրավունքը արգելք է դնում ուժի կիրառման վրա, եթե դա արվում է՝ ճնշելու միջազգային իրավունքի հրամայական նորմ հանդիսացող ինքնորոշման իրավունքը։

«Ակնհայտ է, որ տարածաշրջանում հաստատուն խաղաղության և կայունության կարելի է հասնել միայն վերացնելով հակամարտության սկզբնապատճառը, ինչը կայանում է նրանում, որ Ադրբեջանը ժխտում է Արցախում ապրող մարդկանց թե՛ անհատական, թե՛ կոլեկտիվ իրավունքները։ Հենց ադրբեջանական իշխանությունների՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի և ահաբեկչության միջոցով ճնշելու փորձն է հանգեցրել նրան, որ քաղաքական խնդիրը վերաճել է զինված առճակատման։ Եվ այսօր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական խոչընդոտներից մեկը այդ ապակառուցողական քաղաքականությունից հրաժարվելու Բաքվի չկամությունն է։

Եթե Ադրբեջանը փորձի հակամարտությունը լուծել ուժի միջոցով, ինչն ըստ ՄԱԿ-ի ԱԽ վերոհիշյալ 3314 բանաձևի հոդված 1-ի կնշանակի ագրեսիվ պատերազմի սանձազերծում, ապա Արցախի Հանրապետությունը լիակատար իրավունք ունի ձեռնարկել ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները և պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը՝ միջազգային իրավունքի նորմերին և, մասնավորապես, ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան»,- նշել է Արցախի ԱԳՆ ներկայացուցիչը։

Մեկնաբանությունն ամբողջությամբ՝ Արցախի ԱԳՆ կայքում

Մեկնաբանել