Մարտի 28-ին Վիեննայում միջնորդները հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

‪Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ․ այս մասին Ֆեյսբուքում տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Այսօր ճեպազրույցի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր հանդիպումներ կանցկացնեն Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ Պատասխանելով հարցին, թե Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումից առաջ ինչ կմաղթեր Ռուսաստանը կողմերին՝ որպես համանախագահ, Զախարովան ասել է, որ «հարցը ոչ այնքան մաղթանքներին է վերաբերում, որքան իրավիճակի վերլուծությանը, որն արվելու է այդ հանդիպման ընթացքում»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ին աշխատանքային այցով մեկնում է Ավստրիա, որտեղ մարտի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ տեղի կունենա նրա հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այսօր Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ․ քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր։