Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-ի ուշ երեկոյան ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, որտեղ մարտի 29-ին կկայանա նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ադրբեջանի նախագահը Վիեննա է հասել ավելի վաղ:
Թեև տարբեր ֆորումների շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները մի քանի անգամ շփվելու և զրուցելու հնարավորություն են ստացել, սակայն Վիեննայում են նախատեսված ղարաբաղյան կարգավորման առաջին բանակցությունները:
Այդ հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 14-ին, և այցի ծրագրով նախատեսված են երկժամյա բանակցություններ: Նախ բանակցությունները կընթանան ընդլայնված կազմով, որին ներկա կլինեն արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Բանակցություններից հետո նախագահների ասուլիս կամ մամուլի համար հայտարարություն նախատեսված չէ:
Վիեննա մեկնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներին:
Այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի և դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցի, իսկ երեկոյան մեկուկես ժամանոց հանդիպում Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Մարտի 28-ին Վիեննայում արդեն հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։ Այս մասին Ֆեյսբուքում գրառում է արել Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Վարչապետի գլխավորած ոչ մեծ կազմով պատվիրակությունը Երևան կվերադառնա մարտի 29-ի ուշ երեկոյան:
Վարչապետ Փաշինյանի այցը Վիեննայից լուսաբանում են Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, Թերթ․ամ լրատվական կայքը, Ազատություն ռադիոկայանը և ՍիվիլՆեթը:
Թաթուլ Հակոբյան, Վիեննա