233 միլիոն «Սահակյանց» ստուդիային և անավարտ մուլտֆիլմ․ ինչու և ինչպես

«Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» հասարակական կազմակերպությունը 2014-2018-ին մշակույթի նախարարությունից ստացել է ավելի քան 406 մլն դրամ։ Այս գումարը ներառել է նաև հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները։

Կազմակերպությունը պարտավորվել է թողարկել «Անահիտ», «Կլոր աստվածներ» և «Օլիմպիոնիկ» մուլտիպլիկացիոն կինոնկարները և վերանորոգել սեփական արվեստանոցը։

Արվեստանոցի վերանորոգման նպատակով 2014-ին մշակույթի նախարարությունն անհատույց 123 մլն դրամ է տրամադրել կազմակերպությանը։

Ստուդիան ստացել է 24 մլն դրամ «Անահիտ», 26 մլն՝ «Կլոր Աստվածներ» և 233 մլն դրամ «Օլիմպիոնիկ» մուլտիպլիկացիոն կինոնկարների համար։

Այս մուլտիպիկացիոն կինոնկարներից ավարտվել են «Անահիտ»-ը և «Կլոր աստվածներ»-ը։

Վարազդատ թագավորի մասին պատմող լիամետրաժ անիմացիոն ֆիլմի` «Օլիմպիոնիկ»-ի նախնական փուլի և տեխնիկայի ձեռքբերման համար ստուդիան 2014-ին ստացել է 33 մլն դրամ։ Այնուհետև 2015, 2016 և 2017 թվականներին առանց մրցույթի կազմակերպությանը տարեկան տրամադրվել է 51 մլն, իսկ 2018-ին՝ 47 մլն դրամ։

Մշակույթի նախարարությունից ՍիվիլՆեթին տրամադրեցին «Օլիմպիոնիկ» լիամետրաժ ֆիլմի վերաբերյալ երեք անկախ փորձագետների կարծիքը, որտեղ նշվում է, թե «ստուդիան 2015-2019-ին պարտավորվել է արտադրել 65 րոպեանոց նյութ»։

«Չորս տարվա ընթացքում լիովին ավարտված աշխատանքը պլանավորվածից պակաս է ավելի քան 50 տոկոսով, իսկ մնացած նյութը գտնվում է արտադրության գործընթացի տարբեր փուլերում»,- ասված է տեղեկանքում։

Նշվում է նաև, որ անիմացիոն նախագիծը մշակույթի նախարարության հավանությանն է արժանացել 2015-ին՝ առանց գեղարվեստական խորհրդի կամ որևէ հանձնաժողովի մասնակցության։

«Լիամետրաժ անիմացիոն ֆիլմարտադրությունը բավականին աշխատատար է և ծավալուն: Այն ներառում է բազմաթիվ փուլեր և պրոցեսներ: Յուրաքանչյուր փուլի կատարելությունը կախված է նախորդի ճշգրիտ լինելուց, ուստի ֆիլմին ավարտուն տեսք հաղորդելու համար պարբերաբար կատարվում են աշխատանքների վերանայում և վերամշակում»,- ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան ասաց ստուդիայի տնօրեն Դավիթ Սահակյանցը։ Նա հավելեց, որ «նմանատիպ ծավալուն աշխատանքները և ֆիլմարտադրության միջանկյալ փուլերը նախքան ֆիլմի ամբողջական ավարտը, լիարժեք և ավարտուն տեսք առհասարակ չեն կարող ունենալ»:

Դավիթ ՍահակյանցԻնչ վերաբերում է փորձագետների եզրակացությանը, ըստ որի աշխատանքները ավարտված են 50 տոկոսով, ապա Սահակյանցը պարզաբանեց․ «Այստեղ պետք է հաշվի առնել անիմացիոն ֆիլմարտադրության առանձնահատկությունները, որոնք նախատեսում են մուլտֆիլմի որոշ դրվագների ոչ ավարտուն (կինոնյութ) լինելը, ընդուպ մինչև ֆիլմի համար նախատեսված արտադրական ժամկետների վերջին տարին, այսինքն՝ 2019-ի դեկտեմբեր ամիսը ներառյալ»:

«Ուստի ֆիլմի շուրջ աշխատանքները ընթանում են, և «Օլիմպիկոս» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի 2019-ի դեկտեմբերին: «Սահակյանց» ստուդիան կատարել է իր պարտավորությունները»,- ասված է գրավոր պատասխանում։

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող փոխնախարար Նազենի Ղարիբյանը ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ նախորդ տարիներին նմանաբնույթ հատկացումներն առանց մրցույթի են եղել. «Կինոկենտրոնն ունեցել է գեղարվեստական խորհուրդ, որը գումարվել է տարին երկու անգամ, և նրանք որոշել են՝ որ ֆիլմերն են անցնում, բայց այդ խորհրդի որոշումներում գումարային չափ չի նշվել, դա եղել է ավելի ուշ, երբ կնքվել է պայմանագիր»։

Նազենի ՂարիբյանՆրա խոսքով՝ «Սահակյանց» ստուդիայի պայմանագիրը մինչև 2019-ի ավարտն է, սակայն իրենք խնդիրներ են տեսել ստուդիայի կատարած աշխատանքում և պայմաններ դրել արտադրողի առջև. «Մենք պետք է հարգենք այդ պայմանագրերը, որովհետև հետադարձ ուժ չենք կարող դրանց տալ, բայց պայմանով, որ իրենց հաշվետվությունները համապատասխանեցնեն պայմանագրով նշված պարտավորություններին»։

Ղարիբյանը ասաց, որ ներկայում մի իրավիճակ է ստեղծվել, երբ վերջին ֆինանսական հատկացումը պետք է ստանա ստուդիան. «Ներկայում պետք է մնար ընդամենը աշխատանքի վերջին հատվածը, սակայն իրենք 50 տոկոսն էլ չեն արել։ Մենք ի վերջո որոշեցինք, որ մինչև իրենք չբերեն ամբողջական հաշվետվությունը, վերջին տրանշը չի հատկացվի»,- շեշտեց Նազենի Ղարիբյանը։

Գևորգ Թոսունյան

Գլխավոր լուսանկարը՝ «Սահակյանց» ստուդիայի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել