Ագարակի զորամասի միջադեպը հետաքննած լրագրող, «Զանգեզուր» հեռուստաընկերության պրոդյուսեր Արման Սուլեյմանյանը պնդում է՝ դեպքի մանրամասները չեն հրապարակվում, քանի որ դրանում ներգրավված են բարձրաստիճան սպաների որդիներ։ Նրա խոսքով՝ կատարվածում մեծ է զորամասի սպաների մեղքը. «Երևույթը նոր չի ծագել, այս բարքերը զուգահեռաբար քայլում են մեր բանակի հետ»։
Զորամասում ըմբոստությունն առաջացել էր այն բանից հետո, երբ զորամասի «հեղինակություն-զինվոր» Կարո Մուսայելյանին որոշել էին տեղափոխել այլ ստորաբաժանում։ Սուլեյմանյանն ասում է, որ ամենաբարձր մակարդակով հարկավոր է լուծել զորամասում առկա խնդիրը և դա անել հրապարակային․ «Մի հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել՝ վարչապետի որդին մեկնում է Արցախ, իսկ գեներալների որդիները տաքուկ տեղերում ծառայում են ու նման խնդիրներ առաջացնում։ Այս ամենի մասին չի խոսվում»։