Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում․ Մինսկի խմբի և ԱԳ նախարարների հայտարարությունը

Վիեննայում մարտի 29-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խումբը համատեղ հայտարարություն են տարածել։

«Հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է տվել երկու ղեկավարներին հստակեցնել իրենց դիրքորոշումները։ Նրանք մտքեր են փոխանակել կարգավորման մի քանի հիմնական խնդիրների և էական գաղափարների շուրջ։

Երկու ղեկավարներն ընդգծել են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման և բանակցային գործընթացում հետագա կոնկրետ ու էական քայլերի կարևորությունը հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար։

Վկայակոչելով իրենց քննարկումը Դուշանբեում՝ ղեկավարները հանձն են առել ամրապնդել հրադադարը և բարելավել ուղիղ հաղորդակցության մեխանիզմը։ Նրանք նաև համաձայնել են մի շարք քայլեր մշակել մարդասիրական ոլորտում։

Վարչապետը և նախագահը իրենց արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մոտ ապագայում կրկին հանդիպել համանախագահների հետ։ Նրանք նաև համաձայնել են շարունակել ուղիղ երկխոսությունը»,- ասվում է հայտարարությունում։

Հայաստանի վարչապետի մամուլի գրասենյակի հաղորդագրությունում ևս նշվում է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

«Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը վկայակոչել են Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, կարևորել հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումն ու ուղիղ հաղորդակցության մեխանիզմների բարելավումը»,- նշվում է հաղորդագրությունում:

Կողմերը հանձնարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` համաձայնելով շարունակել երկխոսությունը:

Կարդացե՛ք նաև՝

Չեմ կարող ասել` կարգավորման գործընթացում տեղի է ունեցել ճեղքում կամ հեղափոխություն. Փաշինյան

«Երկար, հագեցած և արդյունավետ»․ ֆրանսիացի համանախագահը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Մարիա Եղիազարյան

Մեկնաբանել