Կոնստանտին Օրբելյանի պաշտոնանկության շուրջ. ինչ պետք է իմանալ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը արդեն մի քանի օր է՝ բողոքում է Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որոշման դեմ։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ այդ որոշումը Օրբելյանին փոխանցվել է դեռ մարտի 26-ին, համաձայն որի՝ նա պաշտոնը լքելու է ապրիլի 1-ից։ Շաբաթ օրը կոլեկտիվը հենց Օպերային թատրոնում հավաք արեց և միաձայն բողոքը հայտնեց որոշման դեմ։

Ինչպես ծագեց խնդիրը

Կոնստանտին Օրբելյանը թատրոնում միաժամանակ զբաղեցնում է տնօրենի, գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնները։ Կոնստանտին Օրբելյանի պնդմամբ՝ խնդիրը ծագել է դեռ ինը ամիս առաջ։

Մշակույթի նախարարությունը Օրբելյանին առաջարկել է ինքնակամ հրաժարվել տնօրենի պաշտոնից, սակայն ստանալով բացասական պատասխան՝ իր լիազորությունների շրջանակում Օրբելյանին ազատել է այդ պաշտոնից։

Օրենսդրական ինչ խնդիր կա

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը պետական ոչ առևտրային կազմակերպություն է (ՊՈԱԿ), որի գործունեությունը կարգավորվում է համապատասխան օրենքով։ Օրբելյանը 2016-ի հունիսի 3-ին թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժոր, այնուհետև՝ 2017-ին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով առանց մրցույթի նշանակվել է թատրոնի տնօրեն։ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից»։ Ըստ նախարարության՝ Օրբելյանը խախտումով է նշանակվել տնօրենի պաշտոնին։ Նշանակման օրինականությունը ստուգել է նաև արդարադատության նախարարությունը ու հաստատել, որ եղել է օրենքի խախտում։

Մշակույթի նախարարությունը տեղեկանք է հրապարակել Օրբելյանին պաշտոնից ազատելու հիմքերի վերաբերյալ։ Տեղեկանքում նախարարությունը պնդում է, որ Օրբելյանին թատրոնի տնօրեն նշանակելով՝ իրավասու մարմինը խախտել է մեկ տասնյակի հասնող իրավական ակտեր, այդ թվում՝ «Լեզվի մասին» [Օրբելյանը գրական հայերենին չի տիրապետում, ռուսախոս է], «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքները։

Նազենի Ղարիբյանի նշանակման օրինականության շուրջ

Կոնստանտին Օրբելյանին պաշտոնազրկելու պատկերին սոցանցերում սկսեց քննարկվել Նազենի Ղարիբյանի նշանակման օրինականությունը։ Դերասան Սերգեյ Դանիելյանը գրել է, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը Ֆրանսիայի քաղաքացի է, ու անօրինական է նշանակվել այդ պաշտոնին։ Ղարիբյանը նշել է, որ ինքը երկքաղաքացի է։

«Քաղաքացիության մասին» օրենքի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները և կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը»։  

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կան պաշտոններ, ինչպես օրինակ դատավորի և գլխավոր դատախազի պաշտոնն է, որոնց կարող են հավակնել միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձինք, նախագահի դեպքում՝ վերջին վեց տարում, իսկ Ազգային ժողովի պատգամավորի՝ չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացողները կարող են հավակնել այդ պաշտոններին։ Հանրային ծառայողների, մասնավորապես փոխնախարարների պարագայում նման սահմանափակումներ չկան։

Նազենի Ղարիբյանը (լուսանկարը՝ Boon.am-ի)Ինչ է ասում մշակույթի նախարարի պաշտոնակատարը

Մշակույթի նախարարությունից պաշտոնապես պարզաբանել են, որ Օրբելյանին Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու «որոշումը կայացվել է ՀՀ օրենքի պահանջով, և պայմանավորված չէ նրա գործունեության գնահատականով»։ Ըստ գերատեսչության՝ Օրբելյանը շարունակում է զբաղեցնել թատրոնի գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնը:

Նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը վստահեցրել է, որ անձական որևէ խնդիր չունի Օրբելյանի հետ և փորձում են օրինականությունը վերականգնել։ «Ասում են՝ մի՞թե հանուն Օրբելյանի հնարավոր չէ փոխել երկրի օրենքը։ Ներեցեք, դա արդեն մի անգամ հանուն Օրբելյանի արվել է նախկին իշխանությունների օրոք, երկրորդ անգամ է՞լ պետք է արվի, իսկ երբ ասում ենք, որ մեր երկիրը պետք է դառնա օրենքի և կարգի երկիր, դա մշակույթին ու մշակույթի գործիչներին չի՞ վերաբերում»,- Ֆեյսբուքում գրել է Նազենի Ղարիբյանը։

Ինչ է ասում Կոնստանտին Օրբելյանը

Կոնստանտին Օրբելյանը հայտարարել է, որ իրեն «նշանակել է պետությունը» ու տնօրենի պաշտոնում նա 1,5 տարի աշխատել է։ «Թատրոնի համար արել ենք չլսվածը, զրոյից կազմակերպել ենք հյուրախաղեր և ներկայացումներ»,- ասել է Օրբելյանը՝ հավելելով, որ կողմ է՝ իր հարցը որոշի կոլեկտիվը, ոչ թե մշակույթի նախարարությունը։ Նա լրագրողներին նաև ներկայացրել է թատրոնին շնորհված «Արտավազդ» մրցանակը, խոսել այն մասին, որ բարերարներ են օգնել իրենց, իսկ պետությունը՝ ոչ։

Իրավական կողմին Օրբելյանը չի անդրադարձել՝ նշելով միայն, որ «կառավարությունն իրեն անօրինական չէր կարող նշանակել»։ Այդուհանդերձ, մամուլում տեղեկություն է հայտնվել, որ թատրոնի անձնակազմն ու Օրբելյանը ցանկանում են դատարան դիմել։ Աշխատանքային օրենսգրքով՝ Օրբելյանը դատարան դիմելու և մշակույթի նախարարության որոշումը վիճարկելու իրավասություն ունի։

Ով է Կոնստանտին Օրբելյանը

Կոնստանտին Գարիի Օրբելյանը ծնվել է 1956-ին Սան Ֆրանցիսկոյում։ Նա ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական բարձրագույն դպրոցը: 1980-90 ական թվականներին որպես վիրտուոզ դաշնակահար 750 համերգային ելույթներ է ունեցել մի շարք հեղինակավոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, եվրոպական երկրներում։

2003-ին Օրբելյանը ստացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում, որը մինչ այդ երբևէ չէր շնորհվել Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող որևէ օտարերկրացու։ 2012-ին պարգևատրվել է Բարեկամության շքանշանով՝ ռուսական մշակույթը երկրից դուրս ճանաչելի դարձնելու գործում ունեցած ներդրման համար, իսկ 2015-ին Հայաստանի նախագահի հրամանագրով Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար նրան շնորհվել է Բարեկամության շքանշան։ 2017-ից նա ղեկավարում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

Գևորգ Թոսունյան

Լուսանկարներում՝ Օպերայի կոլեկտիվը իր բողոքն է հայտնում Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու դեմ (Ֆոտոլուր)