Կաշառք վերցնողը՝ ով էլ լինի, պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին անդրադարձել է փոխնախարարի դեմ առաջադրված մեղադրանքին։ Նա նշել է, որ պատրաստ են աջակցել իրավապահներին։

«Ամենևին կասկածի տակ չառնելով անմեղության կանխավարկածը՝ ուզում եմ հայտնել, որ վերցնողը՝ ով էլ լինի, եթե գործի շրջանակներում մեղավորությունը հաստատվի, նա պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Ինչ խոսք` նման երևույթներն անթույլատրելի են և դատապարտելի: Նոր Հայաստանում պետք է ձգտել բացառել և արդար աշխատանքով կառուցել մեր ապագան: Կաշառք տալը և վերցնելը մեր երկրում քրեորեն պատժելի արարք են: Մեր աջակցությունն ենք հայտնում իրավապահ մարմիններին` կոռուպցիայի դեմ պայքարում։ Անկեղծորեն հավատում ենք, որ համակարգում տեղ գտած կոռուպցիայի և հակաօրինական այլ երևույթների բացահայտումը կօգնի արմատախիլ անել դրանք և առողջացնել համակարգը: Առողջապահության նախարարության ողջ թիմով ցավ ու ափսոսանք ենք հայտնում կատարվածի համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արսեն Թորոսյանը:

Այսօր ԱԱԾ-ն հայտարարեց, որ մարտի 30-ին բերման ենթարկված առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը ձերբակալվել է, իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Ըստ ԱԱԾ-ի՝ ստացվել են տվյալներ, որ բժշկական հաստատություններից մեկի տնօրենը առանձնապես խոշոր կաշառք է տվել փոխնախարարին՝ «նպատակ ունենալով ապահովել նրա հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ»։

Մեղադրանքն առաջադրվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (պատիժը՝ ազատազրկում 7-12 տարով) և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար (պատիժը՝ ազատազրկում 4-7 տարով)։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել