Վարչապետը փաստեր ներկայացրեց Կոնստանտին Օրբելյանի պաշտոնանկության մասին

Կոնստանտին Օրբելյանին ոչ ոք չի հեռացրել Օպերայից. ապրիլի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի քանի աշխատակիցների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ մինչև մշակույթի նախարարի հրամանը Օրբելյանը թատրոնում զբաղեցրել է երեք պաշտոն։ Կոնստանտին Օրբելյանը թատրոնում միաժամանակ զբաղեցնում էր տնօրենի, գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնները։

Նա առաջարկել է խոսել փաստարկներով, վարչապետի ձեռքի տակ եղած տեղեկանքում, որը նա ընթերցեց բողոքի ցույցի մասնակիցների համար, փաստարկները հետևյալն են.

  • Արդարադատության նախարարությունը 2018-ի օգոստոսի 11-ի արձանագրել է, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումը իրականացվել է օրենսդրության պահանջների խախտմամբ։
  • Այդ քննարկումը կառավարության նախաձեռնությամբ տեղի չի ունեցել, այլ եղել է քաղաքացու կամ քաղաքացիների դիմում։
  • Օրենքը կառավարության և մշակույթի նախարարության վրա հստակ դնում է պարտավորություն նման դեպքերում լիազորությունները դադարեցնել։
  • 2017-ի ընթացքում Օրբելյանը 12 անգամ 110 օր գործուղվել է տարբեր երկրներ, 7 անգամ ՌԴ՝ հիմնականում Մոսկվա, երկու անգամ ԱՄՆ, ինչպես նաև Կանադա, Լիտվա և այլն։
  • 2017-ին Օրբելյանը 135 օր փաստացի բացակայել է աշխատանքից։
  • 2018-ին 174 օր է բացակայել աշխատանքից, ևս 20 օր գտնվել է չվճարվող արձակուրդում։
  • Ֆինանսների նախարարության կողմից 2017-ին իրականացվել են ստուգումներ թատրոնում, որի արդյունքում արձանագրվել է 92 մլն դրամի խախտում։
  • 2017-18-ին վերականգնվել է ընդամենը 10 մլն դրամը, եթե վերականգնվել է, նշանակվում է՝ այդ խախտումները ընդունվել են որպես այդպիսին։
  • Օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ աշխատողներ աշխատանքից հեռացվել են, այդ մարդիկ դիմել են նախարարին և մարդու իրավունքների պաշտպանին։
  • Նախարարությունն ուսումնասիրել է ու փաստել, որ աշխատանքից ազատումները եղել են օրենսդրության խախտումներով, նախարարը հանձնարարել է խախտումները վերացնել, սակայն Կոնստանտին Օրբելյանը հրաժարվել է կատարել այդ հանձնարարականները։
  • Ի պատասխան կառավարության հարցման՝ թատրոնի իրավաբանը պարզաբանել է, որ Օրբելյանը կես դրույքով աշխատում է որպես գեղարվեստական ղեկավար, մինչդեռ հաստիքացուցակում գրված է՝ երկու պաշտոնների երկու լիարժեք հաստիք։

Վարչապետը շեշտեց, որ սրանք փաստերն են, որ պաշտոնապես ներկայացվել են իրեն։ Նաև հայտարարեց. «Եթե պարզվի, որ այդ փաստաթղթում որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը, այդ թղթի հեղինակը տեղում աշխատանքից կազատվի»։

Գևորգ Թոսունյան

Կարդացեք նաև՝

Կոնստանտին Օրբելյանի պաշտոնանկության շուրջ. ինչ պետք է իմանալ