Թալիշը միայն թալիշցիներինը չէ, Թալիշը բոլորինս է, ողջ հայ ժողովրդինը. նախագահն այցելել է Արցախ

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ։ Երկու նախագահները ծաղիկներ են դրել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների և արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

Այնուհետև Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից զինծառայողների և ազատամարտիկների հետ։

«Ապրիլյան պատերազմն, իհարկե, մեծ փորձառություն էր։ Ձեզնից՝ զինվորներից ու սպաներից լավ ոչ մեկը չի կարող գնահատական տալ,- ասել է նախագահը։ – Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով։ Եթե այդ ոգին ուժեղ է, դրա դեմ ոչինչ անել չես կարող»։

«Այստեղ կան Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, բազմաթիվ անհատ բարերարների նվիրատվությամբ կառուցված շենքեր։ Թալիշը միայն թալիշցիներինը չէ, Թալիշը բոլորինս է, ողջ հայ ժողովրդինը»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Մեկնաբանել