Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է, որովհետև, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի:
Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման կարևորությունը»,- ասաց Փաշինյանը։
Հարցին, թե այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է եղել վարչապետի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»,- հայտարարեց վարչապետը:
Փաշինյանն անդրադարձել է նաև բանակցային գործընթացին՝ նշելով. «Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց պետք է հասկանանք նաև, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»:
«Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ: Մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ «ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, բայց ոչ զիջումներ»: Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները: Տոնոյանի հայտարարությանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։