Իմ հայտարարությունը կառավարության ծրագրի առաջնահերթություններից դուրս չէ․ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, մեկնաբանելով իր՝ օրեր առաջ արած հայտարարությունը, հայտարարել է, թե այն դուրս չի գալիս կառավարության ծրագրի առաջնահերթություններից։

«Կառավարությունը մեկ ծրագիր է իրականացնում, պաշտպանական ոլորտում միասնական, համաձայնեցված ծրագիր է իրականացնում, և իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս կառավարության ծրագրի առաջնահերթություններից։ Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա․․․ Ես զարմանում եմ՝ մեր հանրությունը ինչի վրա է զարմանում։ Ես շատ ավելի կարևոր խնդիրներ եմ այնտեղ քննարկել [ԱՄՆ-ում – ՍիվիլՆեթ]։ Ընդլայնելու ենք խաղաղապահության ոլորտում մեր համագործակցությունը և աջակցություն ենք ստանալու»,- «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին ասել է Դավիթ Տոնոյանը։

Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը Դավիթ Տոնոյանը հայտարարել էր․ «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ: Մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»։ Նրա խոսքով՝ «ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, բայց ոչ զիջումներ»: Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր»-ում լրագրողներին ասել է․ «Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է, որովհետև, ճիշտն ասած, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից, որովհետև ի՞նչ է ասել պաշտպանության նախարարը, ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է՝ հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը: Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»: