Արցախյան ընտրություններն ուղենշային են լինելու․ Գեղամ Բաղդասարյան

Հոդվածը լույս է տեսել «Անալիտիկոն» հանդեսի՝ մարտի համարում։

Հիանալի շանս կա իշխանությունը ոչ թե ձեռքից ձեռք, այլ գլխից գլուխ փոխանցելու համար

Արցախյան առաջիկա երկու համապետական, համատեղ (նախագահական և խորհրդարանական) ընտրություններին դեռ մի տարի կա, բայց սրանից մոտ մի տարի առաջ ազդարարվեց ընտրարշավի ֆալստարտը։

Արցախյան թերզարգացած քաղաքական դաշտի պարագայում կատարվածն ամենևին չի տեղավորվում այն հայտնի քաղաքական ասույթի կիրարկման շրջանակներում, ըստ որի` քաղաքական ուժը կայացած ընտրությունների հաջորդ իսկ օրվանից պիտի սկսի պատրաստվել մյուս ընտրություններին։ Ասույթը վերաբերում է զտարյուն քաղաքական գործընթացին՝ լիարժեք քաղաքական գործիքակազմով։ Նորանկախ Արցախի Հանրապետությունը, սակայն, վերջին երկու տասնամյակում քաղաքական լիարժեք սուբյեկտ չի եղել ոչ միայն միջազգային հարաբերություններում ու, մասնավորապես, ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացում, այլև` համահայկական հարթության վրա։ Ղարաբաղյան գործոնը հետևողականորեն ոչնչացվել է թե՛ դրսից և թե՛ ներսից, ավելի ստույգ՝ ներսից ոչնչացման արդյունքում է եղել դրսից ոչնչացումը։ Ըստ այդմ էլ՝ թերարժեք քաղաքական սուբյեկտայնություն ունեցող երկրում քաղաքական հաստատություններն էլ են թերարժեք եղել, ավելի ստույգ՝ քաղաքական հաստատություններ են եղել խիստ անվանական՝ անունը կար, ամանում չկար։

Հանրահայտ քաղաքական ասույթը մեր պարագայում կիրառելի չէ նաև այն պատճառով, որ ֆալստարտն ազդարարել են ոչ թե քաղաքական ուժեր, այլ կոնկրետ անձինք։ Վերջիններս իրենց անձնական օրակարգերն են առաջադրել և բացարձակապես անտարբեր են հանրային օրակարգի ձևավորման նկատմամբ։ Իսկ ընտրական ժամանակաշրջանում հանրային օրակարգը մեկը կարող է լինել՝ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը։ Սա պետք է լինի գերնպատակը։ Ֆալստարտի մասնակիցներն այս մասին չեն խոսում և կամա թե ակամա իրենց ու սատարող քաղաքական ուժերին դուրս են դնում հանրային օրակարգի ձևավորման հանրային ակնկալիքների շրջանակներից։ Անցյալն ու անցյալի արժեքները խորհրդանշող գործիչները շարունակում են անցյալի գործիքակազմն օգտագործել, այն է՝ պաշտոնական Երևանից քաղաքական «դաբրո» ստանալուն տենչալ։ Ըստ նրանց՝ սրանով էլ, ըստ էության, վերջակետ պիտի դրվի բովանդակային քաղաքական ընտրությանը, ու բանը կմնա «տեխնիկային», իմա՝ անվանական-ձևական ընտրական գործընթացին։

Կարծում եմ, դառը, շատ դառն է լինելու այդպես մտածողների հիասթափությունը։ Այդպես եղել է, եղել է…Բայց այդպես չի լինելու, չի լինելու…Որքանով որ ես եմ հասկանում և որքանով որ ես եմ տեղյակ՝ ՀՀ նոր իշխանության գերագույն նպատակը լինելու է ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը նպաստելը, ավելին՝ Փաշինյանի կառավարությունն ամեն ինչ անելու է արցախյան ընտրություններն ուղղակի օրինակելի դարձնելու համար. առաջին հերթին արցախցիների ու համայն հայության և երկրորդ հերթին՝ միջազգային հանրության համար։ Նման ընտրություններին այս կամ այն կերպ խոչընդոտողը շատ ծանր դրության մեջ է դնելու թե՛ իրեն և թե՛ սատարող քաղաքական ուժին։

Հայաստանի նոր իշխանությունը խորապես գիտակցում է, որ ներքին և արտաքին քաղաքականության մեջ իր իսկ հռչակած նոր ռազմավարության, նոր մարտավարության և նոր արժեհամակարգի պայմաններում արցախյան ընտրություններն ուղենշային են լինելու թե՛ ղարաբաղյան գործոնի վերակենդանացման համար համահայկական հարթությունում և թե՛ միջազգային ասպարեզում ու հատկապես` ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ ՀՀ նոր կառավարությունը խորապես գիտակցում է նորանկախ Արցախի քաղաքական սուբյեկտայնության վերակենդանացման նշանակությունը։ Սա ուղղակի դարակազմիկ դրական իրողություն է. Արցախի հանրությունն` ի դեմս ՀՀ նոր իշխանության, ձեռք է բերել սեփական երկրում արմատական բարեփոխումների իրականացման և ղարաբաղյան գործոնի վերակենդանացման գործում ռազմավարական հզոր դաշնակցի։ Անցած երկու տասնամյակում ՀՀ իշխանությունները եղել են ԼՂՀ իշխանությունների, բայց ոչ երբեք` արցախյան հանրության ռազմավարական դաշնակիցը։ Սա էլ եղել է արցախյան քաղաքական լճացման հիմնական պատճառներից մեկը։

Այս իրողությունը պարզապես պետք է գիտակցել և առաջնորդվել դրանով։ Ու դա առաջին հերթին պետք է անի արցախյան հանրությունը։ Ազատ ու արդար ընտրությունների կարոտից «պռոշը ճաքած» հանրությունը պետք է հուսավառվի և դառնա այդօրինակ ընտրությունների գլխավոր երաշխավորը, գլխավոր ու միգուցե՝ միակ։ Որովհետև գործող իշխանությունն ունի և միշտ էլ ունեցել է իր սեփական օրակարգը, որը, մեղմ ասած, ազգակցական կապեր չի ունեցել հանրային օրակարգի հետ։

Այդ ներիշխանական օրակարգը նրան թելադրում է ապահովագրել իրեն ապագայի տհաճ անակնկալներից և իշխանափոխությունը զետեղել իր ցանկալի սցենարում՝ ի դեմս իր ծոցից ելած թեկնածուի ապահովել իշխանության հաջորդափոխությունը անձերի, այլ ոչ թե արժեքների տեսքով։ Կհաջողվի դա նրան, թե ոչ՝ կախված է ազատ ու արդար ընտրությունների գլխավոր երաշխավորից՝ Արցախի առաջադեմ հանրությունից։

Առաջիկա ընտրությունների օրինակելիության ապահովման նպատակով շատ կարևոր է երկու հայկական պետությունների քաղաքացիական հասարակությունների համագործակցությունը։ Ընտրությունները կարող են հարմար առիթ լինել դրա համար և սկիզբ՝ հետագա ռազմավարական համագործակցության համար։ Սա շատ կարևոր է, և ահա թե ինչու։

Երկու հանրությունները վերջին տասնամյակների ընթացքում իրարից հեռացել ու օտարացել են։ Ու սա եղել է հատուկ իրականացվող քաղաքականություն՝ երկու իշխանություններն էլ վտանգ են տեսել երկու հանրությունների ինտեգրման մեջ։ Հայաստանի իշխանությունները գիտակցել են Արցախում զարգացած քաղաքացիական հասարակություն ունենալու պարագայում երկրորդ հայկական պետությունից բխող վտանգն իրենց համար (ոչ թե պետության, այլ հենց իրենց՝ իշխանությունների համար)։ Նրանք քաջ հասկանում էին, որ Արցախից հնչող հայտարարությունը հայության համար այս կամ այն կենսական խնդրի կամ հայաստանյան իշխանությունների գործունեության կոնկրետ հարցի շուրջ շատ ավելի մեծ կշիռ ու վտանգ կարող է պարունակել, քան բուն Հայաստանում հնչող հայտարարությունները։ Ուստի և փորձել են ըստ ամենայնի չեզոքացնել այդ վտանգը։ ԱՀ-ին հատկացվող միջպետական վարկն ու դրա ծախսման գիտակցված անվերահսկելիությունը արցախյան իշխանությունների լոյալության և արցախյան հանրության մեկուսացման գինն էին։ Արցախի իշխանություններն էլ իրենց հերթին էին հասկանում, որ հայաստանյան հանրության միջամտության պարագայում իրենց համար դժվար կլիներ ապահովել փակ հասարակության առկայությունն Արցախում և իրենց գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության բացառումը։

Ու երբ խոսվում է երկու հայկական պետությունների ինտեգրման մասին, ապա փաստացի նկատի են առնվում երկու իշխանությունները, որոնք ոչ միայն սերտորեն համագործակցում ու ինտեգրվում էին, այլև սերտաճել էին։ Փաստացի ԱՀ և ՀՀ իշխանությունները մեկ ընդհանուր քաղաքական թիմ էին ներկայացնում և օպերատիվորեն արձագանքում էին միմյանց սպառնացող վտանգներին՝ քաղաքական թեժ պայքարի պարագայում պետական-հանրային ընդունելի և անընդունելի, օրինական և անօրինական ռեսուրսներ օգտագործելով գործող իշխանությունը պահպանելու համար Հայաստանում և Արցախում։

Արդյունքում եղել է մի աբսուրդ իրավիճակ, երբ երկու հանրությունները տարանջատվել են իրարից ու օտարացել միմյանցից, դառնալով միմյանց դարդուցավին անհաղորդ ու անտեղյակ՝ և սա երկու իշխանությունների գերինտեգրման համապատկերում։ Ցավալի է, բայց փաստ՝ երկու հանրությունների միջև արհեստականորեն ստեղծված խոչընդոտները վերածվել են օտարության ու սառնության պատի, որի չեզոքացման համար տևական ու լուրջ ջանքեր են պահանջվելու։ Միմյանց դարդուցավին անհաղորդ լինելը վաղուց արդեն երևակվում է մամուլում ու սոցիալական ցանցերում, որտեղ փոխադարձ մեղադրանքներ են հնչում` հարցերը դիտարկելով կլանային-համայնքային հարթության վրա։

Իշխանություներին չէր հուզում այդ վտանգը, նրանք մտածում էին միայն իրենց սպառնացող վտանգների մասին, ավելին՝ առկա տհաճ միտումներն օգտագործում էին իրենց շահերին ի նպաստ։ Բայց, ինչպես ընդունված է ասել, իրավիճակ է փոխվել…

Անչափ կարևոր է նաև Սփյուռքի ներգրավումը Արցախի ժողովրդավարացման, օրինակելի ընտրությունների անցկացման և ընդհանրապես՝ հայկական երկրորդ պետականության զարգացման գործում։ Տխուր ավանդույթի համաձայն՝ երբ խոսում ենք եռամիասնության մասին, ապա առաջին հերթին նկատի ունենք դրամահավաքը։ Արցախյան առաջիկա ընտրությունները հիանալի առիթ են նոր բովանդակությամբ լցնելու եռամիասնության կաղապարը և առաջին անգամ դրամահավաքի փոխարեն գաղափարահավաք անցկացնելու։ Համագործակցության եզրերը բազմաթիվ են՝ թե՛ դիտորդական առաքելություն, թե՛ լուսաբանում, թե՛ ընտրախախտումների բացառման ամենաարդյունավետ մեխանիզմների փորձարկում և թե՛ ընտրությունները որպես ոչ միայն տեղական, այլև տարածաշրջանային ու միջազգային իրադարձություն լուսաբանելու հարցում աջակցություն։

Անչափ կարևոր է նաև միջազգային ուղղությունը։ Որքան տեղյակ եմ՝ Արցախի ԱԳՆ-ը դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր է ուղարկելու միջազգային համապատասխան կառույցներին։ Հարկ է նաև աննախադեպ պայմաններ ստեղծել տեղական և արտերկրի լրատվամիջոցների համար։ Այս գործում անելիք ունի նաև Արցախի քաղաքացիական հասարակությունը։ Միջազգային համագործակցության տարբեր հարթակներում ներգրավված ՀԿ-ները կարող են իրենց գործընկեր կազմակերպությունների միջոցով նպաստել այս գործընթացին։ Հարկ կլինի միջազգային կառույցներին հասու դարձնել այն միտքը, որ իրենցից, իրենց վերաբերմունքից նույնպես կախված է, թե ինչպիսին է լինելու իշխանության որակն Արցախում։ Առաջին ու կարևոր նախապայմանը ընտրությունները չընդունելու մասին անիմաստ հայտարարություններից խուսափումն է։ Մարդու իրավունքներն ունիվերսալ են և ամենևին էլ պայմանավորված չեն այն հանգամանքով, թե որտեղ է ապրում մարդը՝ ճանաչվա՞ծ, կիսաճանաչվա՞ծ, թե՞ չճանաչված երկրում։ Ոչ ոք ու ոչ մի կառույց չի կարող բացառել մարդու և հանրության իրավունքը՝ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորել և իշխանություների հանրային վերահսկողության միջոցով բարեկեցիկ ապագա ապահովել սեփական երեխաների համար։ Ուրախալի է, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նույնպես ներգրավվել է այս գործընթացում և եվրոպական գործընկերների հետ քննարկում է համագործակցության հեռանկարները։

Առաջիկա ընտրությունների համապատկերում մի առանձին թեմա է արցախյան տեղեկատվական դաշտը։ Արցախում ժողովրդավարական բարեփոխումներ խրախուսելու բանալին տեղեկատվական դաշտի բազմազանության խթանումն ու ապահովումն է։ Ընդ որում, դրանով ոչ միայն կզարգանա Արցախի տեղեկատվական դաշտը, որում ներկայումս գերիշխում են պետական-իշխանական և իշխանամետ-իշխանածին լրատվամիջոցները, այլև կխթանվեն հրապարակային քաղաքական զարգացումները և իշխանություններին կստիպեն քաղաքական դաշտը դուրս բերել ստվերային զարգացումների տիրույթից։ Ավելին՝ Արցախում վերջապես կստեղծվի հրապարակային քաղաքական դաշտ, տեղի կունենան զտարյուն քաղաքական, այլ ոչ թե նոմենկլատուրային գործընթացներ, իշխանությունները ստիպված կլինեն հրապարակայնորեն արձագանքել Արցախում և Հայաստանում տեղի ունեցող հիմնական իրադարձություններին։ Հենց այս տրամաբանության շրջանակներում պետք է դիտարկել կապի միակ օպերատորի՝ Ղարաբաղ Տելեկոմի մենաշնորհի խախտումը և տեղեկատվական-հաղորդակցական դաշտի առավել մատչելիության ապահովումը։ Այս ամենը կարող է սկիզբ դնել որակապես նոր զարգացումների։

Այս ամենը կարող է նպաստել այն բանին, որպեսզի ինչպես հայտնի երգիծաբանն էր ասում՝ իշխանությունը ոչ թե ձեռքից ձեռք փոխանցվի, այլ գլխից գլուխ։ Իմա՝ լինի գիտակից ու իրազեկ ընտրություն, լինի գաղափարների մրցակցություն և ընտրություն։

Մեկնաբանել