Պաշտոնանկություններ վարչապետի աշխատակազմում

Վարչապետի աշխատակազմում ապրիլի 2-ին տեղի են ունեցել մի շարք պաշտոնանկություններ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արթուր Սարգսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։ Սարգսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից։

Վարչապետի մեկ այլ հրամանագրով զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ է տվել կառավարության աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտա Ազարյանը։ Վերջինս ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մայրն է։

Վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը ևս ազատվել է աշխատանքից։ 2011-2018 թվականներին Մխիթարյանը աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ էր, իսկ հեղափոխությունից հետո նշանակվել էր վարչապետի արարողակարգի պատասխանատու։

ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև կառավարության իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանն ու Ազգային ժողովի  հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանը։

Մկրտիչ Կարապետյան