Նիկոլ Փաշինյանը ցուցմունք է տվել դատարանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 3-ին ներկայացել էր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան՝ վկայի կարգավիճակով ցուցմունք տալու համար։

Գործը վերաբերում է 2017թ․ մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի (մականունը՝ Մանախ) միջև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում դրոշի շուրջ միջադեպին։ Գործադրվել էր զենք: Տեղի ունեցածից հետո կալանավորվել էր Արթուր Այվազյանը, որը պնդում էր, որ միջադեպը հրահրել են դաշինքի անդամները, իսկ վերջիններս հակառակն էին պնդում:

Նիկոլ Փաշինյանը նիստին մոտ տասը րոպե պատասխանեց կողմերի հարցերին։ Ամբաստանյալը՝ Արթուր Այվազյանը, հայտարարեց, որ հրաժարվում է հարցեր ուղղել վարչապետին։ Նիկոլ Փաշինյանը հեռացավ դատարանից։

Լրագրողների հարցին, թե ինչու է վարչապետը որոշել ներկայանալ դատարան, Փաշինյանը պատասխանեց, որ «ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, երբ ծանուցվում է քննիչի կամ դատարանի կողմից, պետք է ներկայանա»։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ․ մարտի 31-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, Անդրանիկի փող. 53 շենքի բակում «անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը»:

Արթուր Այվազյանը` Մանախը, 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել նաև Հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկայի սպանությունը պատվիրելու և իրագործելու համար:

Անի Գրիգորյան

Մեկնաբանել