Հանրային ռադիոյի տնօրեն է ընտրվել Գարեգին Խումարյանը

Գարեգին Խումարյանը Հանրային ռադիոընկերության նոր գործադիր տնօրենն է։ Նման որոշում է ընդունել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ ապրիլի 3-ին տեղի ունեցած նիստում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», հանձնաժողովն ուսումնասիրելով մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 30 թեկնածուների հայեցակարգերը, առանձնացրել և հարցազրույցի էր հրավիրել 29 մասնակցի:

Հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները փակ քվեարկությամբ ընտրել են «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲ ընկերության տնօրենին:

Ղեկավարվելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2010թ. սեպտեմբերի 6-ի № 50-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Հայաստանի հանրային ռադիոընկերություն», «Շիրակի հանրային հեռուստառադիո» և «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների թափուր տեղերի մրցույթի անցկացման կարգի 2.14 կետի պահանջներով` Հանձնաժողովը որոշում է կայացրել մրցույթում հաղթող ճանաչել քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած Գարեգին Կորյունի Խումարյանին: