Ինչպես նվազեցնել կոմունալ վճարումները․ քննարկում էներգաարդյունավետության մասին

Հայաստանում կա մոտ 19 000 բազմաբնակարան շենք, որոնց բաժին է ընկնում հանրապետությունում սպառվող էներգիայի առյուծի բաժինը։ Այս շենքերից ընդամենը 87-ն է ջերմամեկուսացված։ Էներգիայի կորուստները բազմաբնակարան շենքերից համադրելի են Մեծամորի ատոմակայանի էներգիայի տարեկան արտադրությանը։

Բազմաբնակարան շենքերի էներգախնայողության հարցերը քննարկվեցին ապրիլի 3-ին Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած հանրային քննարկմանը։ Երկրի էներգետիկ անվտանգության համար կարևոր է ոչ միայն այլընտրանքային էներգիայի զարգացումը, այլև պարզապես էներգասպառման արդյունավետության բարձրացումը։

Հայաստանում ջերմամեկուսացվել է ընդամենը 87 շենք, այն էլ՝  միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) և Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա (Habitat for Humanity Armenia) հիմնադրամի կողմից։ Դրանցից 42-ը Երևանում են, 45-ը՝  Լոռու մարզի Սպիտակ և Վայոց ձորի մարզի Վայք քաղաքներում։

Սերգեյ Արզումանյանը, Habitat for HumanityՀաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի ղեկավար Սերգեյ Արզումանյանը հանրային քննարկմանն ասաց, որ ծրագիրն իրականացնելիս համագործակցել են համայնքապետարանների հետ։ «Շենքերի ընտրությունը կայացրել են համայնքապետարանները՝ հիմնականում հիմնվելով շենքերի տեխնիկական վիճակի վրա»,- նշեց Արզումանյանը։

Հիմնադրամի՝ ամեն շենքի ջերմամեկուսացման ծրագիրը մի քանի փուլից է բաղկացած եղել։ Նախ՝ վերանորոգվել ու ջերմամեկուսացվել է բազմաբնակարան շենքի տանիքը։ Դրա շնորհիվ վերևի հարկի բնակիչները ազատվել են ձմռանը միշտ սառը, ամռանը միշտ տաք առաստաղ ունենալուց, նրանց գազի և էլեկտրաէներգիայի կոմունալ վճարումները զգալիորեն պակասել են, օրինակ՝ ձմռան ամիսներին ամսական 30 000-ից իջնելով ընդհուպ 12 000 դրամի։ Ծրագիրը ներառել է շենքի պատերի, տանիքների և շքամուտքերի ջերմամեկուսացումը։   

Ինչու բոլոր շենքերը չեն ջերմամեկուսացվում

«Բազմաբնակարան շենքերի բնակիչները հաճախ են իրենց շենքի մասին խոսելիս օգտագործում «պետական շենք» արտահայտությունը»,- ասաց Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն Աստղինե Պասոյանը՝ շեշտելով, որ Հայաստանի անկախությունից հետո շենքերը մասնավոր սեփականություն են, և յուրաքանչյուր բնակարանի տեր նաև ընդհանուր բաժնային սեփականատեր է։

Աստղինե Պասոյանը, Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն «Ընդհանուր բաժնային սեփականություն են համարվում շենքի տանիքը, նկուղը, աստիճանավանդակը, շքամուտքը։ Այսինքն՝ շենքի յուրաքանչյուր բնակիչ որքան իրավունք ունի գործածել դրանք, այդքան էլ պարտավոր է պատասխանատվություն ստանձնել և պահպանել դրանք»,- նշեց Պասոյանը։

Գլխավոր խնդիրներից մեկը, ըստ նրա, քաղաքացիների գիտակցությունն է․ «Երբ սեփական տան տանիքը կաթում է, մարդու մտքով չի անցնում զանգել քաղաքապետարան, ասել ՝ եկեք, տանիքս նորոգեք։ Նույնն էլ շենքի դեպքում է։ Բնակիչների մոտ սեփականության զգացումը ամրացած չէ։ Մտնում ես բնակարանները, ամեն ինչ մաքուր, կոկիկ, վերանորոգված, սալիկապատված, իսկ շքամուտքը՝ կեղտոտ, կոտրված ապակիներով, ճաքերով»։

Խորհրդային մտածելակերպը, թե պետությունն է պարտավոր զբաղվել շենքերի ամեն հարցով, ժամանակավրեպ է։ Պետությունը ներկայում կանոնակարգում է նոր շենքերի էներգարդյունավետ կառուցումը։ Պասոյանի խոսքով՝  հին շենքերի բնակիչներն իրենք պետք է զբաղվեն իրենց շենքի էներգարդյունավետության հարցերով։ Այդ հարցում դեր ունեն նաև համատիրությունները։

Ինչ կարող են անել բնակիչները

Եթե շենքի բնակիչները ցանկություն ունեն ջերմամեկուսացնել իրենց շենքը, պետք է պատրաստ լինեն գրավոր համաձայնություններ հավաքել և դրանցով դիմել շենքի լիազոր մարմնին։ Հայաստանի շենքերի մեծամասնության դեպքում դա համատիրությունն է։

Համատիրությունը մի քանի տարբերակ ունի ֆինանսավորում հայթայթելու համար։

Նախ՝ այն կարող է վարկի համար դիմել Ինեկոբանկին։ Առայժմ միայն այդ բանկն է համատիրություններին վարկեր տրամադրում։

Երկրորդ՝ համատիրությունը և/կամ բնակիչները կարող են դիմել դոնոր կազմակերպություններին և հիմնադրամներին, որոնք կարող են մասնակի կամ լրիվ աջակցություն տրամադրել։

Երրորդը պետության կարգավորիչ դերն է։  

Տանյա Արզումանյանը, Քաղաքաշինության կոմիտեՔաղաքաշինության կոմիտեի բնակֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանն ասում է, որ պետությունը երկու ամիս առաջ արված փոփոխության շնորհիվ այժմ կարգավորիչ դերից բացի կարող է մասնակցային դեր ունենալ։ Կառավարությունը հունվարին որոշում է ընդունել՝ հնարավորություն տալով համայնքներին դիմելու և սուբվենցիաներ ստանալու ոչ միայն հանրային նշանակության շենքերի, այլև բազմաբնակարան շենքերի համար։ «Եթե պետությունը հաստատի սուբվենցիայի դիմումը, նորոգման միջոցառումների շրջանակում կարող է ֆինանսավորել նաև շենքի ջերմամեկուսացումը»,- նշեց Արզումանյանը։

Աստղինե Պասոյանը բնակիչների ու համատիրությունների հակասությունները համեմատում է հավի ու ձվի պատմության հետ․ «Հայաստանում գործում է «փող չեմ տալիս, որովհետև համատիրությունը գործ չի անում», իսկ համատիրությունն ասում է՝ «գործ չենք անում, որովհետև բնակիչները փող չեն տալիս»»։

Էներգաարդյուանետության վերաբերյալ քննարկումը կազմակերպվել էր Շվեդիայի կառավարության աջակցությամբ։

Ժաննա Պողոսյան

Դիտե՛ք նաև՝