Գազալցակայաններում թանկացումների մասին լուրերը մանիպուլյացիա են. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ «գազալցակայանների շուկայում կառավարությունը որևէ, այսպես ասած, ազդեցություն թողնող որոշում չի կայացրել, և թանկացումների մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիաներ են»:

«Ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք: Չլինի Հայաստանում որևէ գազալցակայան, որը ՀԴՄ չխփի, չլինի այդպիսի գազալցակայան ուղղակի: Եթե պետք է այդ ճանապարհով գնալ՝ գազալցակայանները ՀԴՄ խփեն, սնանկանան, չնայած այդպիսի բան հնարավոր չէ, ուրեմն թող սնանկանան: Ապօրինի, ժողովրդի հաշվին, պետության հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինելու, և ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ամեն ինչը շատ հստակ արձանագրենք»,- ասել է վարչապետը՝ դիմելով Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանին:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությանը, թե ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն ասել է.

«Որպես այդպիսին՝ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Ուղղակի խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկներով գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7.1, բայց վերջին 3-4 օրվա ընթացքում «Գազպրոմ-Արմենիա»-ից գազի միջին խտությունը գալիս է 7.9-ով, այսինքն՝ աճել է, հետևաբար, տնտեսվարողներն իրենց ծրագրային փոփոխությունների մեջ պետք է դա անեին, որը չեն արել: Հետևաբար, մեր սպառողներն ստիպված են եղել ավելի գումար վճարել, որի համար Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բոլոր տնտեսվարողներին տեղեկացրել է, որ անպայման ամեն օր փոփոխություն կատարեն իրենց դիսպենսերներում և ճիշտ խտություն տեղադրեն, որպեսզի սպառողներն ստիպված չլինեն ավելի գումար վճարել»:

Վարչապետը Արմեն Կոտոլյանին և Դավիթ Անանյանի հանձնարարել է 1-2 օրվա ընթացքում զեկուցել կոնկրետ պատճառների և արձանագրված արդյունքների մասին:

Մեկնաբանել