Ֆեյքերի դեմ պայքարը չի վնասելու խոսքի ազատությունը․ ԱԱԾ տնօրեն

Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, շատ մտածված: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով հարցին, թե Ազգային անվտանգության ծառայությունն ինչպես է պատրաստվում պայքարել ֆեյքերի դեմ։

«Ֆեյքերի դեմ պայքարն, այսպես կոչված, որը որ պետք է լինի, պետք է լինի շատ զգույշ, շատ մտածված, եթե գրառումների մեջ՝ դա ֆեյք կլինի, թե սովորական անձ, չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն: Եթե գրառման մեջ կա հանցակազմ, այդ դեպքում ԱԱԾ-ն և մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի կանխեն և բացահայտեն այդ հանցագործությունը»,- ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը, պատասխանելով հարցին, թե մանիպուլյացիան և հանցակազմն ինչպես են որոշվելու, նկատեց. «Մանիպուլյացիան այն է, որ արտահայտությունները, որոնք արվում են, գրառումները կամ այն թեմաները, որոնք տարածվում են սոցիալական ցանցերում՝ անանուն օգտատերերի կողմից կամ ոչ հայտնի օգտատերերի կողմից, կարող են հասարակության շրջանում բերել այնպիսի տրամադրությունների, որոնք կարող են հանգեցնել ինչ-ինչ հետևանքների: Ես հիմա չեմ ուզում մտնել այդ բառախաղի մեջ, բայց հավաստիացնում եմ, որ այդ գործընթացը կատարվելու է շատ ուշադիր, շատ զգույշ, և որևէ դեպքում չի վնասվելու խոսքի ազատությունը»:

Գործող օրենքների շրջանակում փոփոխություն տեսնելու հարցին անդրադառնալիս Արթուր Վանեցյանը նկատեց, որ ինքն այդ հարցին պատրաստ չէ պատասխանելու:

«Այդ հարցին պատրաստ չեմ պատասխանելու, որովհետև այդ խոսակցությունը նոր եղավ, և այս հարցերը նոր առաջացան, այդ իսկ պատճառով թույլ տվեք մի որոշ ժամանակ ուսումնասիրենք և բոլոր հուզող հարցերին պատասխանենք»,- եզրափակեց ԱԱԾ տնօրենը:

ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարել է քայլեր ձեռնարկել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում ապատեղեկատվության դեմ: