Մեղադրանք է առաջադրվել «Սպայկա» ՍՊԸ տնօրենին

ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք:

Այսպես, «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015թթ. ընթացքում «Սպայկա» ՍՊ ընկերության միջոցով ձեռք է բերել դեպի Հայաստանի Հանրապետություն փոխադրման և ներմուծման ենթակա պանիր, տանձ, խնձոր, չինական կաղամբ, լոլիկ և այլ ապրանքներ, որոնք 01.01.2015-11.01.2016թթ. ժամանակահատվածում Վրաստանի տարածքով իրականում ներմուծել է Հայաստանի Հանրապետություն: Իրականացված ներմուծումների ժամանակ նշված ապրանքների խմբաքանակները Վրաստանի մաքսային սահմանից դեպի Հայաստանի Հանրապետություն արտահանելիս Վրաստանի մաքսային մարմիններին ներկայացվել են հիշյալ ապրանքատեսակների իրական անվանումները, քաշը, արժեքը, ծագման երկիրը, մատակարար և գնորդ կազմակերպությունների և այլ իրական տվյալների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը, այդ թվում` ինվոյսները, սակայն նշված ապրանքատեսակները Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս՝ ՀՀ մաքսային մարմիններին ներկայացվել են կեղծ փաստաթղթեր այն մասին, թե իբր ներմուծված ապրանքներն իրենցից ներկայացրել են բացառապես մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի հաշվարկումից և վճարումից ազատված ապրանքատեսականի, իսկ որպես ներմուծող կազմակերպություն հանդես է եկել «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրինության կողմից կառավարվող «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն:

Արդյունքում, արտերկրի տարբեր կազմակերպություններից իրականում ներմուծված ապրանքները ՀՀ-ում մաքսազերծել է այլ ապրանքատեսակու անվան տակ, որոնց մաքսազերծումը ազատված է մաքսատուրքի և ավելացված արժեքի հարկի հաշվարկումից և վճարումից:

Այսպիսով, փորձագիտական եզրակացության հիման վրա միայն 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում, կիրառելով վերը նկարագրված ստվերային եղանակը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհայտարարագրելով «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վերաբերյալ իրական տեղեկությունները, այսինքն` չներկայացնելով համապատասխան մաքսային հայտարարագրերը և հակառակը՝ դրանց փոխարեն «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացնելով հարկը, տուրքը և այլ պարտադիր վճարը հաշվարկելու հիմք հանդիսացող կեղծ տեղեկություններ և ուղղակի դիտավորությամբ նպատակ հետապնդելով չվճարել հարկը, տուրքը և պարտադիր այլ վճարը, պետական բյուջե չի վճարել «Սպայկա» ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: 2016 թվականի մնացած ամիսների, ինչպես նաև 2017 և 2018 թվականների մասով պետությանը պատճառված վնասը պարզելու համար քննչական և դատավարական գործողությունները շարունակվում են:

Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Դավիթ Վենգերի Ղազարյանը չի ձերբակալվել, այլ ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից 04.04.2019թ-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդության քննարկումը նշանակված է 05.04.2019թ-ին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական, քննչական, ինչպես նաև դատավարական միջոցառումներ՝ վերը նշված հանցավոր գործունեության մասնակից հանդիսացած յուրաքանչյուր անձի գործողություններն անհատականացնելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ:

Աղբյուրը՝ Պետական եկամուտների կոմիտե

Մեկնաբանել