Սասուն Միքայելյանը՝ Երկրապահ կամավորականների միության նախագահ

Ապրիլի 7-ին կայացել է Երկրապահ կամավորականների միության արտահերթ համագումարը, որի ժամանակ որոշվել է կրճատել վարչության կազմը՝ դարձնելով 25 հոգի։ Նախկինում այն ունեցել է 100-ից ավելի անդամներ։

Միաձայն ընդունված որոշումից հետո ընտրվել են 25 անդամները, որոնց մեջ ընդգրկված են Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչներ։

Այնուհետև տեղի է ունեցել ԵԿՄ նոր վարչության առաջին նիստը, որի օրակարգային հարցը եղել է ԵԿՄ վարչության նախագահի ընտրությունը։

Վարչության 25 անդամները միաձայն կողմ են քվեարկել Սասուն Միքայելյանի թեկնածությանը։

«Երդվում եմ մեր եռագույով՝ ծառայել ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը և իմ ժողովրդին»,- ասել է Սասուն Միքայելյանը՝ նշելով, որ հասկանում է ողջ պատասխանատվությունը։

***

Սասուն Միքայելյանը Արցախյան ազատամարտի մասնակից է: 1988-ին կազմավորել և ղեկավարել է «Սասուն» երկրապահ ջոկատը:

1995-1999, 1999-2003, 2003-2007, 2007-2009 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ ընտրված մեծամասնական ընտրակարգով։

2013-2015-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016 թվականից՝ կուսակցության վարչության անդամ:

2017-ի ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2018-ի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Մեկնաբանել