Թուրքիան և Ադրբեջանը մեր մշտական հարևաններն են

1991-ի ամռանը 30 հազար տպաքանակով լույս տեսավ լեզվաբան, պատմաբան Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» 200-էջանոց գրքույկը, որտեղ ամփոփված էին նրա՝ 1988-1990 թվականներին գրված հոդվածները: Իշխանյանը, շարունակաբար արժանանալով Սփյուռքի, ինչպես նաև Հայկոմկուսի և ռուսամետ ու ռուսախոս հայ մտավորականության կոշտ քննադատությանը, հետևողականորեն առաջ էր տանում իր իսկ ձևակերպումով՝ «երրորդ ուժի բացառման օրենքը»:

«Երրորդ ուժի բացառում» նշանակում է.

Հայաստանը չպետք է հույս դնի երրորդ երկրների թվացյալ կամ հավանական օգնության վրա,

Արտաքին քաղաքականության մեջ չկան մշտական բարեկամներ և մշտական թշնամիներ, այլ կան մշտական շահեր,

Հայաստանը պետք է անի հնարավորը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելու համար,

Վտանգավոր, ճակատագրական վտանգավոր է ամուր բռնել Ռուսաստանի փեշը:

«Աշխարհում՝ ամբողջ երկրագնդի վրա, Հայաստան կարող է լինել միայն մի տեղում` թուրքերի կողքին: Ուրիշ տեղ չկա և չի կարող լինել Հայաստան: Լավ է սա, թե վատ, այլ հարց է, բայց անողոք փաստ է: Ավելին` այս կտոր Հայաստանը չորս կողմից է շրջապատված թուրքերով: Թուրքերն ու ադրբեջանցիները այս կողմերից հեռանալու միտք չունեն: Ռուսները կարող են մի օր հեռանալ: Արդեն մի անգամ` 1917-1918 թթ., նրանք հեռացել են այս կողմերից, և մենք վերջնական կործանման եզրին հասանք»,- գրում էր Իշխանյանը և եզրահանգում. «Եթե իրոք պանթուրքիզմ կա, ապա մենք` հայերս, փրկվելու մի միջոց ունենք` խաղաղության դաշինք կնքել պանթուրքիզմի հետ»:

«Մի բան հաստատ է, որ Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ մեր մշտական հարևաններն են: Սա անկասկած է: Նրանք այս կողմերից հեռանալու միտք չունեն: Ես ուզում եմ, որ մենք էլ այդպիսի միտք չունենանք, և մեր ամոթն ու խայտառակությունն է, որ այսօր հայերը զանգվածաբար փախչում են Հայաստանից»:

Այս տողերը Իշխանյանը գրում էր նախքան Խորհրդային Միության փլուզումը, էներգետիկ և տնտեական ճգնաժամը, երբ արտագաղթը դեռևս մեծ ծավալներ չուներ, երբ Հայաստանի բնակչությունը 3,5 միլիոնից ավելին էր և դեռ 1,5 միլիոն հայեր չէին արտագաղթել Հայաստանի արդեն անկախ հանրապետությունից:

«Ե՞րբ պետք է վերջապես հասկանանք, որ հայերը, իրոք որ աշխարհում երբևէ չեն ունեցել և հիմա էլ չունեն և չեն կարող ունենալ մշտական բարեկամ և մշտական թշնամի: Որ մենք՝ հայերս, պետք է նվիրված լինենք մեր ազգային շահերին ու ոչ թե կարծեցյալ բարեկամների: Այս տարրական ճշմարտությունը հասկանալով է, որ ինքնուրույն, անկախ ազգ կդառնանք, կհզորանանք, անպարտ կլինենք»:

Իշխանյանը, անշուշտ, առաջին հայ մտածողը չէր, որ բացառում էր երրորդ ուժը որպես հայ ժողովրդի և Հայաստանի փրկության միջոց: Հայաստանի Հանրապետության (1918-1920/21թթ) շրջանի բազմաթիվ պետական գործիչներ են այդպես մտածել, այդ թվում չորս վարչապետներից առնվազն երեքը՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանն ու Սիմոն Վրացյանը:

Երբ 1918-ի հուլիսին Արամ Մանուկյանը երկաթուղային կայարանում գրկախառնվում էր ջարդարար Խալիլ փաշայի հետ և նրանից հաց խնդրում Երևանի փողոցներում սովից մեռնող հայ ժողովրդի համար, նա անում էր դա Հայասատանի և հայ ժողովրդի շահը հաշվի առնելով:

Երբ 1918-ի աշնանը Պոլսում գտնվող Ավետիս Ահարոնյանի պատվիրակությունը հայ ժողովրդի ջարդարար Էնվերից ու Թալեաթից խնդրում էր, որպեսզի վերջիններս համոզեն Բաքվի նրանց բարեկամներին, որ սովահար Հայաստանի համար հացահատիկ ու նավթ բաց թողնեն, դա անում էին ատամները սեղմելով, բայց կրկին Հայաստանի ու հայ ժողովրդի շահը առաջնային աչքի առաջ տեսնելով:

Հովհաննես Քաջազնունին 1918-ի օգոստոսին Հայաստանի խորհրդարանի իր անդրանիկ ելույթում կարևորում էր Բաթումի խայտառակ համարվող պայմանագրին հավատարիմ մնալը, քանի որ այլընտրանքը կարող էր լինել մի կտոր մնացած Հայաստանի վերջնական ոչնչացումը թուրքերի արյունոտ ձեռքերով:

Վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը հետագայում, երբ արդեն կորցրել էինք Սարիղամիշը, Կարսը, Արդահանը, Սուրմալուն, պետք է ափսոսանքով գրեր, որ իր կառավարությունը ամեն ինչ չարեց, որ լեզու գտնի Հայաստանի հողերը զավթած քեմալականների հետ և հույսը դրեց բրիտանացիների ու ամերիկացիների թվացյալ օգնության վրա:

1920-ական թթ., երբ Հայաստանը խորհրդայնացվեց և կցվեց Խորհրդային Միությանը, վտարանդի հայ քաղաքական միտքը կարևորում էր թուրքերի հետ գործակցության անհրաժեշտությունը: Դրա կարկառուն ներկայացուցիչներից էր Ռուբեն Տեր-Մինասյանը:

1980-ական թվականների վերջերին երրորդ ուժի բացառման հետևողական կողմնակիցներից էին Ռաֆայել Իշխանյանն ու Հայաստանի վարչապետ Վազգեն Մանուկյանը:

Ապա այդ գիծը առաջ էր տանում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ արժանանալով Սփյուռքի, ինչպես նաև Հայկոմկուսի և ռուսամետ ու ռուսախոս հայ մտավորականության կոշտ քննադատությանը:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը ևս կարելի է համարել երրորդ ուժի բացառման փորձ, գուցե ապաշնորհ, բայց՝ փորձ:

Հայաստանի այսօրվա իշխանությունները դեռևս հստակ չեն ձևակերպել արտաքին քաղաքական առաջնահերթությունները, առաջին հերթին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ապագան:

Անշուշտ, հեշտ չէ լեզու գտնել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ Թուրքիայի հետ: Հասկանալի է, որ Թուրքիան է թշնամական քաղաքականություն վարում և փակի տակ պահում Հայաստանի հետ սահմանը: Հասկանալի է, որ Ադրբեջանն է սպառնում պատերազմով: Սակայն դրանից իրերի վիճակը չի փոխվում և անողոք փաստը մնում է անողոք փաստ՝ հայերի անմիջական հարևանները թուրքերն ու ադրբեջանցիներն են, Հայաստանի արտաքին սահմանների ավելի քան 80 տոկոսը Ադրբեջանի և Թուրքիայի հետ է:

Այս պայմաններում՝ նվազագույնը, որ պետք է անենք, թուրքերի և ադրբեջանցիների հետ երկխոսության պատրաստակամությունն է: Երկխոսել, չի նշանակում զիջել կամ թույլ լինել ու առավել ևս՝ լինել թուրքասեր կամ ադրբեջանասեր, ինչպես մեր պատմության ընթացքում փորձել են ներկայացնել ազգայնական շրջանակները:

Մեր պատմության ամենախաղաղասերներից երկուսը՝ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն ու ՀՀ հիմնադիր վարչապետ Հովհաննես Քաջազնունին, միշտ խոսում էին երկխոսության ու խաղաղության մասին՝ արժանանալով ամենախիստ քննադատության: Բայց հենց Թումանյանն ու Քաջազնունին էին, որ իրենց զավակներին ուղարկում էին պատերազմի դաշտ՝ այդ թվում և առաջին հերթին՝ ընդդեմ թուրքերի ու ադրբեջանցիների:

Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը, ինչպես ժամանակին դա անում էին հիմնադիր վարչապետ Հովհաննես Քաջազնունին ու Հայաստանի հաջորդական կառավարությունները, ինչպես դա փորձում էին անել Վազգեն Մանուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, պարտավոր են Հայաստանի կողմից բաց պահել երկխոսության պատուհանը, եթե անգամ դիմացից այն փակ է:

Մենք պետք է հիշենք ՀՀ չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի խոսքերը՝ «Թուրքիան Հայաստանի համար ճակատագրական ուժ է»:

Արժե հավելել՝ նաև Ադրբեջանը, և Թուրքիան ու Ադրբեջանը՝ միասին:

Մեկնաբանել