«Սպայկա»․ ինչ է կատարվում ընկերության շուրջ

Արդեն մի քանի օր է՝ Հայաստանում հանրության և լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացած է հայկական գյուղմթերքի խոշոր արտահանող «Սպայկա» ընկերության վրա։ Մարտի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն մասնակցեց այս ընկերության պանրի և կաթնամթերքի գործարանի բացման արարողությանը։ Մի քանի օր անց ՊԵԿ-ը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել «Սպայկա» ընկերության կողմից խոշոր չափի հարկերից խուսափելու վերաբերյալ։ Ապրիլի 8-ին դատարանի որոշմամբ ընկերության տնօրեն և 100 տոկոսանոց բաժնետեր Դավիթ Ղազարյանը կալանավորվեց։

Սպայկայի տնօրեն Դավիթ ՂազարյանըԴատարանի մոտ

Ապրիլի 8-ին դատարանի մոտ, որն ընդունեց Ղազարյանին կալանավորելու որոշումը, «Սպայկա» ընկերության հարյուրավոր աշխատակիցներ ցույց էին անում։ Նրանք պահանջում էին ազատ արձակել իրենց ղեկավարին և նշում, որ կառավարությունը նման քայլով լուրջ հարված է հասցնում բիզնեսին։ Ցույցը տեղափոխվեց կառավարության շենքի դիմաց։ Ցուցարարներին մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, խոստացավ նրանց պահանջները ներկայացնել վարչապետին, բայց նաև ասաց, որ կառավարության ղեկավարը չի միջամտում դատական իշխանության գործողություններին։

Մեղադրանքը

ՊԵԿ-ը «Սպայկա» էր մտել դեռ 2018-ի հուլիսին 3-ին։ Այդ ժամանակ հարկային մարմինը հայտարարեց, որ համատեղ խուզարկություններ են կատարել «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի, «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի և վերջիններիս հետ որոշակի փոխկապակցվածություն ունեցող «Սպայկա» ՍՊԸ-ի գործունեության հասցեներում: Այդ ժամանակ թիրախում մյուս երկու ընկերություններն էին։ ՊԵԿ-ը նշեց, որ «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի գործողությունների արդյունքում պետական բյուջե չի հաշվարկվել եկամտային հարկ՝ 1,6 մլրդ դրամի չափով (մոտ 3,3 միլիոն դոլար), իսկ «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի գործողությունների արդյունքում բյուջե չի վճարվել 427 մլն դրամ գումար (մոտ 380 000 դոլար)։

Սպայկայի աշխատակիցների ցույցը դատարանի մոտԱրդեն 2019-ի ապրիլի 4-ին, ՊԵԿ-ը կրկին հիշեց «Սպայկա»-ին։ Այս անգամ քրեական գործ հարուցվեց ընկերության կողմից խոշոր չափերի հարկեր չմուծելու փաստի առթիվ։ Ըստ ՊԵԿ-ի տարածած հայտարարության՝ «Սպայկան» 2014-2015-ին ձեռք է բերել և Հայաստան ներմուծել մի շարք ապրանքատեսակներ՝ ՀՀ մաքսային մարմիններին ներկայացրնելով կեղծ փաստաթղթեր։ Արդյունքում պետբյուջե չի վճարել մոտ 7 մլրդ դրամ (14,5 միլիոն դոլար) հարկ։ Ըստ այդմ, մեղադրանք առաջադրվեց ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։ Վերջինս չի ընդունում մեղադրանքը։ Նա պնդում է, որ «Սպայկա» ընկերությունում քննչական խմբի կողմից կատարված ստուգումների արդյունքում իրենք մասամբ մարել են 2 մլրդ դրամ հարկը, իսկ «7 միլիարդը կեղծ թիվ է»։ Ապրիլի 8-ին դատարանը Ղազարյանին կալանավորեց։

Թուրքական լոլիկի արտահանում Ռուսաստան՝ հայկական պիտակներով

Գործարար, Menu Group ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը Ֆեյսբուքում ևս անդրադարձել է «Սպայկա» ընկերության և Պետական եկամուտների կոմիտեի միջև վեճին։ Նա նշում է, որ այն կապված է 2015-ից հետո Թուրքիայից Հայաստան ներկրված, ապա Ռուսաստան արտահանված լոլիկի հետ։

Քերոբյանը նշում է, որ 2015-ի նոյեմբերի վերջին, երբ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցումից հետո Ռուսաստանը առևտրային պատերազմ էր սկսել այդ երկրի դեմ, Սպայկան սկսել է Վրաստանի տարածքով մեծ քանակությամբ թուրքական լոլիկ ներկրել Հայաստան, այն պիտակավորել որպես հայկական և առաքել Ռուսաստան։

«Սխեման գործում էր այսպես՝ թուրքական լոլիկը Թուրքիայում ձևակերպվում է որպես արտահանված Վրաստան, քանի որ Թուրքիան արտահանման արգելք ունի Հայաստանի նկատմամբ, Վրաստանում լոլիկը նորմուծվում է ժամանակավորապես, և առանց որևէ հարկ վճարվելու ուղևորվում Հայաստան։ Լոլիկը Հայաստան շատ խորը չի ներմուծվում, ընդամենը մի 500 մետր, որովհետև միանգամից արտահանվում է Ռուսաստան։ Եթե այդ լոլիկը ներմուծվեր ու արտահանվեր «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով, ապա Սպայկան կվճարեր 0 դրամ հարկեր, բայց այդպես ստիպված պիտի ցույց տային ռուսներին լոլիկի իսկական ծագումը՝ թուրքական։ Դա շրջանցելու համար ներմուծել են իբր վերջնական սպառման նպատակով, ու հետո նույն լոլիկը ցույց են տվել որպես Հայաստանում աճեցված ու ձևակերպել են արտահանումը»,- նշում է Քերոբյանը։

Այդ ժամանակ ռուսական վերահսկող գերատեսչությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», հայտարարել էր, թե կասկածում է, որ Հայաստանը վերաարտահանում է թուրքական լոլիկն ու պատրաստվում է ստուգումներ իրականացնել հայկական ձեռնարկություններում:

«Սպայկա» ընկերության մասին

«Սպայկան» Հայաստանում գյուղմթերքի ամենախոշոր արտահանող ու մթերող ընկերությունն է։ Այս ընկերությունը նաև ունի ջերմոցներ։ Այն իր գործունեությունն այս ոլորտում սկսել է 2007-ից։ Ընկերությունն ունի ավելի քան 300 VOLVO բեռնատար։ Ընկերության պաշտոնական կայքի համաձայն՝ Հայաստանի գույղատնտեսության մեջ «Սպայկայի» ընդհանուր ներդրումների ծավալը կազմում է ավելի քան 300 մլն դոլար:

«Սպայկա»-ն լրատվամիջոցները մի քանի անգամ կապել են Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի անվան հետ: Օրինակ՝ երբ նախորդ տարվա հուլիսին ՊԵԿ-ն այս ընկերությունում ստուգումներ էր իրականացնում, «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, թե «Միքայել Մինասյանի «Սպայկա»-ում ՊԵԿ-ի խուզարկությունները շարունակվում են արդեն 7,ջ ժամ։ «Սպայկայի» տնօրենը հերքում է , որ իր ընկերությունը որևէ առնչություն ունի Մինասյանի հետ։

Կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալներով ՝ ներկայում «Սպայկա» ընկերության 100% բաժնետերը Դավիթ Ղազարյանն է։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել