Ես սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից. Նիկոլ Փաշինյան

Քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, որևէ բանակցություն արդյունավետ չէ, բայց հանդիպումը գնահատվել է կառուցողական և դրական և այդ մտքի հետ բոլորս համաձայնել ենք․ երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա ԱԺ-ում հանդիպում ուներ իշխող կուսակցության պատգամավորների հետ։

«Քանի դեռ Ղարաբաղի հարցը չի կարգավորվել, որևէ բանակցություն արդյունավետ չէ: Բայց հանդիպումը գնահատվել է կառուցողական և դրական և այդ մտքի հետ բոլորս համաձայնել ենք»,- ասաց նա։

Կրկին մեկնաբանելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հայտարարությունը՝ վարչապետը նշեց, որ հարցին արդեն բազմիցս անդրադարձել են:

«Մենք ասում ենք՝ մեզ մի վախեցրեք պատերազմով, որովհետև մենք պատերազմից վախեցողը չենք: Պաշտպանության նախարարի ասածի մեջ որևէ ապակառուցողական բան չկա: Մենք ամեն բան անելու ենք, որ խաղաղության օրակարգն առաջ քաշենք: Բայց այս ամենն ասելով՝ թող ոչ ոք չկարծի, որ մենք վախենում ենք պատերազմից: Եթե մեկը մտածում է, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսի, Հայաստանը հանձնվելու է, ուրեմն միամիտ է: Մենք ասում ենք, որ պետք է հակամարտությունը լուծվի խաղաղությամբ: Պետք չէ անընդհատ խոսել պատերազմից: Ինչքան պատերազմից մենք վախենալու բան ունենք, այդքան էլ Ադրբեջանն ու տարածաշրջանն ունի, որովհետև պատերազմի մեջ փլավ չեն բաժանում: Մեզ առաջարկվող պատերազմին մենք հարկադրելու ենք խաղաղություն: Դա մեր պատերազմը չի լինելու, որովհետև մենք ոչ մեկին չենք պարտադրում պատերազմ, բայց եթե պատերազմ լինի, մենք հարկադրելու ենք խաղաղություն: Պետք չէ բոլոր հանդիպումներից առաջ և հետո խոսել պատերազմից:

Նույն հայտարարության մեջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և 2 արտգործնախարարների, գրվել է, որ կողմերը պայմանավորվել են պահպանել և ակտիվացնել հրադադարի ռեժիմը: Կա՞ հնարավորություն, որ մենք դրժենք այդ պայմանավորվածությունը, ո՛չ, չկա:

Իսկ եթե որևէ մեկը դրժի, չի նշանակում, որ մենք չենք պաշտպանվելու: Ես հուսով եմ՝ Ադրբեջանի նախագահն էլ չի դրժի այս պայմանավորվածությունը, որովհետև դրա գրավոր տարբերակն էլ կա՝ գրված ու ստորագրված: Մենք ընդամենը բոլորի ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ պատերազմի մասին է խոսում: Եկեք խաղաղության օրակարգ ձևավորենք և խոսենք խաղաղության օրակարգի շուրջ, սա է մեր ուզածը: Բայց ես էլի եմ ասում, սա պետք չէ ընդունել որպես վախ, մենք վախեր չունենք:

Երբ մենք կկարողանանք երկուստեք ապահովել 2 կողմերի գյուղերի անվտանգությունը և կկարողանանք երաշխավորել, որ կողմերը այլևս չեն կրակի ու հատկապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, դա կլինի մարդասիրություն:

Ես կրկնում եմ, այն, ինչ համանախագահների և արտգործնախարարների անունից հրապարակվել է, ես բնականաբար տեսել եմ և ամեն բառի հետ համաձայն եմ, այո, եղել է կառուցողական հանդիպում:

Եթե հիշում եք, ես ասել եմ, որ մենք լինելու ենք իրավիճակին ադեկվատ, եթե ակնկալվում է, որ մենք կառուցողական լինենք, ուրեմն կլինենք: Մեր խնդիրն է լինել լսելի և մենք պատրաստ ենք լսել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե նա ղարաբաղյան հարցի բանակցությունները վերսկսում է այն կետից, որտեղ կանգ էր առել Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Ոչ, ես այդ կետից չեմ սկսել: Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից: Սա շատ կարևոր է»:

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը

Մեկնաբանել